Հայտնի երաժշտագետ Միխայիլ Կազինիկի համերգ-դասախոսությունը Դիլիջանի արվեստի պետական քոլեջում
Հայտնի երաժշտագետ, ջութակահար, գրող, մանկավարժ Միխայիլ Կազինիկը ստեղծագործական մեծ ծրագրով ժամանել է Հայաստան։ Ապրիլի 12-ին Դիլիջանի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ նրա համերգ-դասախոսությունը՝ «Մշակույթի գաղտնի նշանները» թեմայով։
Համերգը կազմակերպվել էր Դիլիջանի դպրոցների, միջնակարգ մասնագիտացված ուսումնական հաստատությունների աշակերտների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար։ Համերգին հրավիրված էին նաև Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտացված դպրոցի սաներն ու ուսուցիչները։
Ծրագրում ընդգրկված էին Մոցարտի, Վիենավսկու, Շոպենի և այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Խոսելով իր Հայաստանյան շրջագայության մասին՝ Միխայիլ Կազինիկը նշել է. «Հայաստանը մի ամբողջ Տիեզերք է։ Պատահական չէ, որ ներկայիս Միջազգային Ակադեմիան անվանեցի «Հայաստան՝ մոլորակի բաբախող սիրտը»: Հայաստանը ուղղակի մոլորակի վրա գտնվող մի երկիր չէ․ այն ժամանակների կապն է։ Հայաստանը հին տաճարներն են։ Յուրաքանչյուր տաճարում՝ զգացմունքային հուզմունք: Հայաստանը եզակի մասունքներն են։ Հայաստանի գույներն անհավանական են։ Նրանք ջերմացնում են մարդկանց հոգիները»: