Հեղեղումների հետևանքով Տավուշի և Լոռու մարզերում վնասվել է 269 բնակարան և անհատական բնակելի տուն
Վերջին տվյալներով՝ մայիսին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում վնասվել է 269 բնակարան և անհատական բնակելի տուն: Սակայն, կառավարության հատկացրած փոխհատուցման ծրագրի շահառուների վերջնական թիվը պարզ կլինի դիմումների ընդունման ավարտին, որի վերջնաժամկետն է այս տարվա սեպտեմբերի 30-ը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում այդ մասին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
Նա նշեց, որ աղետի առաջին իսկ օրից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ ձևավորվել և գործել է վնասների գնահատման հանձնաժողով: Համայնքային, մարզային և հանրապետական հանձնաժողովները տեղերում կատարել են ուսումնասիրություններ, վնասների և ազդեցությունների գույքագրում և համապատասխան փաստաթղթավորում՝ փորձելով ստանալ ամբողջական և համապարփակ պատկեր: Այդ աշխատանքների արդյունքում հաջողվել է գտնել վնասների փոխհատուցման այն մեխանիզմերն ու կարգավորումները, որոնք հնարավորինս արտացոլում են իրական խնդիրները ու վնասների պատկերը: Ամփոփված տվյալները սահմանված կարգով կներկայացվեն կառավարություն:
Նշվեց, որ այս պահին գրանցված են հեղեղումից տուժած 269 բնակարաններ և անհատական բնակելի տներ, սակայն շահառուների վերջնական թիվը պարզ կլինի դիմումների ընդունման ավարտին:
«Փորձելու ենք փոխհատուցման տրամադրման գործընթացը բավականին դյուրին դարձնել: Քննարկվել է նաև համայնքներում, հնարավոր հասանելի վայրերում դիմումների ընդունման կետեր ունենալու անհրաժեշտությունը: Դիմումի մեջ պետք է նշվի դիմողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի, հաշվառման վայրի վերաբերյալ տվյալներ, սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ, հետադարձ կապի տվյալներ և նախընտրելի բանկը, որը պետք է ընտրել կառավարության ներկայացրած ցանկից: Ուսումնասիրությունն ավարտելուց հետո 10-օրյա ժամկետում որոշում է կայացվելու տվյալ դիմումի վերաբերյալ:
Դիմումը ենթակա է մերժման, եթե դրանում ներկայացված տվյալները հավաստի չեն, օրինակ, չեն համապատասխանում պետական ռեգիստրում առկա տվյալներին, մահվան պետական գրանցման վերաբերյալ տվյալներ են առկա քաղաքացիական ակտերի գրանցման մարմիններում, դիմողը այդ կարգի մասով չի հանդիսանում շահառու և այլ դեպքերում:
Սահմանվել է նաև դիմումի մերժումը բողոքարկելու կարգ, որի իրացման համար անհրաժեշտ է դիմել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Այդ դեպքում դիմողին հնարավորություն կտրվի ներկայացնել լրացուցիչ տվյալներ և փաստաթղթեր: Նշվեց, որ դիմողին տրամադրվելու է համակողմանի աջակցություն:
Դիմումի հաստատվելուց հետո բանկերը պետք է սահմանված կարգի համապատասխան հնգօրյա ժամկետում շահառուին փոխանցեն հատկացված գումարը:
Ասուլիսին մասնակցած ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն էլ հավելեց, որ փոխհատուցման սահմանված չափից ցածր գնով բնակարան ձեռք բերելու դեպքում գումարի մնացորդը փոխանցվելու է շահառուի բանկային հաշվին: Վերջինս ազատորեն կկարողանա տնօրինել այն: Իսկ, եթե շահառուն ցանկանա ձեռք բերել ավելի թանկ բնակարան, ապա պետք է ինքնուրույն լրացնի գումարի տարբերությունը:
Արփինե Սարգսյանի խոսքով, կառավարությունն արդեն իսկ 269 բնակելի տարածքների հաշվարկով 1 մլրդ դրամ է հատկացրել ՏԿԵ նախարարությանը: Եթե այդ գումարն ավելացնելու անհրաժեշտություն առաջանա, ապա կլինեն բյուջետային լրացուցիչ հատկացումներ:
Նա հայտնեց, որ շահառու չեն ճանաչվի անօրինական բնակելի տարածք ունեցող քաղաքացիները, որոնք, սակայն, դեռ ժամանակ ու հնարավորություն ունեն օրինականացնելու նման կառույցները:
«Դա բոլորովին չի բացառում սոցիալական աջակցության տարբեր ծրագրերում քաղաքացիներին ընդգրկելու հնարավորությունը: Եթե, օրինակ, նկատենք, որ կա որևէ ինքնակամ կառույց, որը քաղաքացու միակ բնակելի տարածքն է եղել կամ նկատի ունենանք այլ հանգամանքներ՝ կառավարությունը կարող է իրականացնել սոցիալական աջակցության որոշակի ծրագրեր»,- նշեց Արփինե Սարգսյանը:
Նա հայտնեց նաև, որ փոխհատուցման գումարի վերջին վճարումը կարող է կատարվել 2025 թվականի հուլիսի 1-ին: Այդ ընթացքում շահառուն պետք է ամբողջությամբ սպառի տրամադրված գումարը, հակառակ պարագայում՝ մնացորդը պետք է վերադարձնի պետական բյուջե:
Ի տարբերություն փոխհատուցման մնացած տեսակների՝ բնակարանների գնման վկայագրերը տրամադրվելու են դիմումի հաստատելուց հետո երկամսյա ժամկետում:
Առաջարկում ենք դիտել Տավուշ Մեդիայի պատրաստած ամփոփ ռեպորտաժը՝ Տավուշի մարզում աղետի հետևանքների մասին․ Արտակարգ օրեր․ աղետի հետևանքները՝ Տավուշի մարզում