Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով Հայաստան մասնագիտական խումբ է գործուղվել
Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման համար ՀՀ Ներքին գործերի նախարարության խնդրանքով ակտիվացվել է Եվրոպական Միության Բնակչության պաշտպանության մեխանիզմը՝ բարձրակարգ մասնագիտական խորհրդատվության, նյութատեխնիկական աջակցության և արբանյակային տվյալների ստացման նպատակով։
ԵՄ կողմից տրամադրվող աջակցության օպերատիվ կազմակերպման համար Բրյուսելից Երևան է ժամանել Եվրոպայի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի համակարգման սպան։
Միջազգային օգնության կոչին առաջին արձագանքողների թվում է Շվեյցարիայի Համադաշնությունը, որը Հայաստան է գործուղել մասնագիտական խումբ` ենթակառուցվածքների վիճակի, ամբողջականության, վերականգնման հնարավորության ուսումնասիրություններ կատարելու համար: