«Հետազոտելով լոկալ ժառանգությունը». հայ-ավստրիական միջազգային աշնանային դպրոցն անցկացվեց Տավուշում
Տավուշի մարզում սեպտեմբերի 19-ից 23-ն անցկացվլ է «Հետազոտելով լոկալ ժառանգությունը» միջազգային աշնանային դպրոցը, որին մասնակցում են շուրջ 20 ուսանողներ Ավտսրիայից ու Հայաստանից․ այն նվիրված էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակին:
Աշնանային դպրոցի նպատակն էր ուսումնասիրել հայկական մշակութային ժառանգությունը՝ ներգրավելով ուսանողների ու երիտասարդ գիտնականների։ Մասնակիցներն դպրոցի օրերին հնարավորություն են ունեցել խորացնելու իրենց գիտելիքները տարբեր ոլորտներում՝ ձեռքբերելով նոր գործիքներ տեղական մշակույթի ուսումնասիրության վերաբերյալ:
«Մասնագիտությամբ գերմանագետ եմ, սակայն պատմությունն ու մշակույթը միշտ եղել են իմ հետաքրքրության շրջանակներում, և շատ ուրախ եմ, որ այստեղ եմ՝ այս վայրում՝ մոտ հայկական մշակույթին ու պատմությանը: Իջևանի ու Դիլիջանի պատմամշակութային վայրերում ենք եղել, աշխատել, տպավորված ենք բնությամբ և ուրախ եմ մեր համատեղ աշխատանքի համար՝ հայ ընկերների հետ միասին։» ,- նշում է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի ուսանող Միախեալ Ֆլորիան Գայսբերգեր
Համատեղելով գիտությունը, մշակույթն ու կրթությունը՝ միջազգային աշնանային դպրոցի մասնակիցները ուսումնասիրելով տեղական ժառանգությունը նաև ծանոթացան հայկական մշակույթին՝ նյութական ու ոչ նյութական մշակութային արժեքներին:
Նախագծի մասին խոսելիս Զալցբուրգի համալսարանի ուսանող, պատմաբան Կլարա Շտիբորեքը ընդգծում է դրա կարևորությունը․ «Աշնանային դպրոցը մեզ համար լավ հնարավորություն էր՝ գիտելիքները կիրառելու և փորձառություն ձեռք բերելու: Սա լավ փորձառություն էր ճանաչելու հայկական մշակույթը, հետաքրքիր ճարտարապետություն ունեք, արդեն հասցրել ենք ուսումնասիրել հայկական վանքերն ու եկեղեցիները, որոնք, իսկապես և գեղեցիկ են և լուրջ արժեք ունեն:»
Մշակութային ժառանգության հետազոտությանը նվիրված միջազգային դպրոցը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ի «Հայկական մշակութային ժառանգության միջգիտակարգային հետազոտություններ» լաբորատորիայի և Զալցբուրգի համալսարանի կողմից՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Կապույտ վահան» Հայաստանի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Եվրոպա Նոստրա եվրոպական ժառանգության պահպանության ասոցիացիայի աջակցությամբ: