«Հետազոտությունը հիմնարար է»․ «Ֆաբ Լաբ Հայաստան»-ի կազմակերպած համաժողովը Դիլիջանում

Հետազոտությունից իրագործում` զարգացնելու նորարարական հմտությունները. այս նպատակով «Ֆաբ Լաբ Հայաստանը» սեպտեմբերի 24-ին Դիլիջանում կազմակերպել էր «Հետազոտությունը հիմնարար է» խորագրով համաժողովը: Ֆաբ Լաբ Դիլիջանը նույն հարթակում համախմբել էր իրենց ոլորտում առաջատար մասնագետների, ովքեր Հայաստանում փոփոխությանների հեղինակներ են տարբեր բնագավառներում՝ ակադեմիական, բիզնեսի և քաղաքականության մշակման: Նրանց միացավ նաև համաժողովի գլխավոր բանախոսը դոկտոր Քլաուդիա Ուռեան՝ ԱՄՆ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտից: 

Համաժողովի բանախոսները տարբեր ոլորտների փորձառու մասնագետներ էին: Նրանց բովանդակալից ելույթներից հետո եղավ հարցուպատասխան` բոլոր խոսնակների մասնակցությամբ, ապա ներկաները հնարավորություն ունեցան նաև այցելել ՖաբԼաբ Դիլիջանի լաբարատորիա:

Միասնականություն, հետաքրքրասիրություն, քաջություն, ստեղծարարություն ու համագործակցություն. այս արժեքների շուրջ Ֆաբ Լաբ Հայաստանը միավորում է ուսուցիչների, արվեստագետների, ճարտարագետների, գիտնականների, ուսանողների, մասնագետների, մտածողների և հետաքրքրասերների՝ դառնալով բաց համաշխարհային համայնքի մի կարևոր մասը:

Ժամանակակից թվային արտադրության տեխնոլոգիաների՝ հեշտ հասանելի լինելու շնորհիվ լաբարատորիան լայնորեն բացում է փորձերի միջոցով` գործնականորեն, սովորելու դուռը: Այն նախագծային ուսուցման բաց խաղահրապարակ է ուսանողների համար, անվերջ սովորելու և հմտանալու հնարավորություն է ընձեռնում բոլոր տարիքի մարդկանց: Ֆաբ Լաբը նաև նորարարական արտադրանքի զարգացման և ձեռներեցության հարթակ է բիզնեսի համար: