Հիդրոպոնիկ կանաչ կերի արտադրության կենտրոնի բացումը Գանձաքարում

Նոյեմբերի 7-ին Գանձաքար բնակավայրում տեղի ունեցավ հիդրոպոնիկ կանաչ կերի արտադրության կենտրոնի բացման արարողությունը։ Հիդրոպոնիկան առանց հողի՝ միայն ջրով և սերմով բերք ստանալու հատուկ եղանակ է՝ կանաչ անասնակեր արտադրելու համար։
Կանաչ անասնակերը ձևավորվում է 7 օր շարունակ: Ձևավորվելուց հետո՝ 7-րդ օրը, խոտը դուրս է հանվում տարայից՝ սերմերի հատիկներով և դրանց արմատներով հանդերձ: Այս անասնակերի յուրաքանչյուր բաղադրիչ իրեն հատուկ սննդայնություն ունի: Դրանցից որևէ մեկի բացակայությունը տարատեսակ խնդիրների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ:Այս անասնակերը իր բոլոր բաղադրիչներով ապահովում է բարձրորակ կաթնատվություն և միևնույն ժամանակ ավելացնում է կենդանու քաշաճը:

Ինովացիոն և նորաստեղծ այս նախաձեռնությունը միանգամից մի քանի խնդիր է լուծում․ այն ապահովում է բարձրորակ անասնակեր տարվա բոլոր եղանակներին՝ միաժամանակ խնայելով ջրային ու հողային ռեսուրսները, բարձրացնում է կենդանիների կաթնատվությունն ու մսատվությունը, ինչպես նաև այս նախաձեռնության շնորհիվ բնակիչների համար ստեղծվում է նոր աշխատատեղերի հնարավորություն։

Հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերերի արտադրությունը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից։