Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է

Տարեցների միջազգային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 1-ին՝ ծերացող բնակչության հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և ընտանիքներին, համայնքային խմբերին և շահագրգիռ կողմերին մոբիլիզացնելու համար՝ տարեց մարդկանց առջև ծառացած դժվարությունները լուծելու համար:

2026 թվականը ՄԱԿ-ը հռչակվել է նաև Կամավորների միջազգային տարի։ Սա լավագույն առիթն է խոսելու այն մասին, որ ակտիվ ծերությունը զուտ գեղեցիկ սոցիալական ձևակերպում չէ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) մոտեցումների առանցքում այս պարզ, բայց կենսական իրավունքն է՝ ապահովել առողջ, արժանապատիվ ծերացում, որտեղ մարդը չի դադարում հասարակության լիարժեք մասնակիցը լինելուց:

Ավագ սերնդի համար կամավորությունն ակտիվ ծերացման հնարավորություն է՝ շփվելու, նոր բաներ սովորելու և հասարակական կյանքին մասնակից մնալու ամենաանկեղծ ձևը։ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայում, որտեղ 2020 թվականից գործում է կամավորների ակումբը, այս իրականությունն արդեն շոշափելի է։ Այստեղ կամավորությունն այն ամուր կամուրջն է, որն ապացուցում է՝ կուտակված սերն ու ներուժը կիսելու համար տարիքային շեմ գոյություն չունի:

Օրվա առթիվ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ներկայացնում է համառոտ տեղեկանք աշխարհում և Հայաստանում ծերացման և տարեցների վերաբերյալ:

  • Աշխարհի բոլոր տարածաշրջաններում բնակչությունը ծերանում է, քանի որ մարդիկ ավելի երկար են ապրում և ունենում են ավելի քիչ երեխաներ, ինչը հանգեցնում է ժողովրդագրական խորը փոփոխությունների:
  • 2024-2025 թթ. 65 կամ ավելի բարձր տարիքի մարդկանց թիվն ավելացել է 23 միլիոնով:
  • ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2025-2050 թվականներին համաշխարհային բնակչությանը կավելանա ևս 721 միլիոն տարեց:
  • 2025-2050 թվականներին միջին եկամուտ ունեցող երկրներում կլինի տարեցների թվի ամենամեծ աճը՝ մոտ 606 միլիոն մարդ:
  • Ցածր եկամուտ ունեցող երկրներում կդիտվի տարեց մարդկանց ամենամեծ հարաբերական աճը՝ մոտ 162 տոկոսով:
  • 1974-2024 թվականներին 65+ տարեկան մարդկանց համաշխարհային մասնաբաժինը գրեթե կրկնապատկվել է՝ 5.5 տոկոսից հասնելով 10.2 տոկոսի:
  • ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2024-2074 թվականներին այս համամասնությունը կրկին կկրկնապատկվի՝ հասնելով 20.7 տոկոսի: Նույն ժամանակահատվածում 80 և բարձր տարիքի մարդկանց թիվը, ըստ կանխատեսումների, ավելի քան կքառապատկվի:
  • 2020 թվականին 50 և բարձր տարիքի մարդիկ կազմել են համաշխարհային բնակչության 24%-ը և ապահովել են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 34%-ը: Նրանց ներդրումը մինչև 2050 թվականը, ըստ կանխատեսումների, կաճի՝ հասնելով համաշխարհային ՀՆԱ-ի 39%-ի:
  • 50 և բարձր տարիքի մարդիկ 2020 թվականին արել են համաշխարհային սպառողական ծախսերի կեսը (35 տրիլիոն դոլար), իսկ մինչև 2050 թվականը այդ թիվը կհասնի գրեթե 60%-ի (96 տրիլիոն դոլարի):

Ծերացումը Հայաստանում

  • Կյանքի սպասվող միջին տևողությունը կազմում է 77.7 տարի, տղամարդկանց համար՝ 74.1, կանանց համար՝ 81 (ՀՎԿ, 2023)։
  • Տարեցների կախյալության գործակիցը՝ 15-64 տարեկանների հարաբերակցությունը 65+ տարիքի բնակչությանը, 2050 թվականին կլինի մոտ 3։1 (1990-ին՝ 11։1, 2024-ին՝ 5։1)։
  • Ծերացման արդյունքում հիմնավոր փոփոխության կենթարկվի բնակչության սեռատարիքային կառուցվածքը՝ այսպես կոչված բնակչության բուրգը։