Հորդառատ անձրևի ու կարկտահարության հետևանքները Իջևանում

Հորդառատ անձրև ու երկարատև կարկուտ է տեղացել հունիսի 19-ի երեկոյան՝ Իջևան քաղաքում: Կարկտահարության և ուժգին քամու հետևանքով մարզկենտրոնում տապալվել են ծառեր, արգելափակվել ճանապարհներ: Եղանակի կայունացումից անմիջապես հետո Իջևանի համայնքապետարանի աշխատանքային խմբերը մաքրել և բացել են միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհներն ու փողոցները:

Տեղում ծառայություն են իրականացրել և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՆԳՆ Փրկարար ու Պարեկային ծառայությունների և շտապօգնության աշխատակիցները:

Աննախադեպ կարկուրտից ու տեղատարափ անձրևից հետո Իջևանում առկա է էներգետիկ ցանցի մի քանի տեղամասային վթարներ, կան վնասված տանիքներ, կոտրված ծառեր ու ջրալցված նկուղային հարկեր: Լուրջ վնասներ են կրել սննդի, առևտրային կետերն ու սպասարակման կենտրոնները:

Առատ անձրևի ու երկարատև կարկտահարության պատճառած տարբեր ծավալների վնասների հավաքագրման ու գույքագրման նպատակով Իջևանի համայքնապետարնում ստեղծվել է հաձնաժողով։ Հանձնաժողովը շրջում է Իջևանի թաղամասերում, հավաքագրում պատճառված վնասները:

Իջևանի համայնքապետարանը՝ փրկարար ու պարեկային ծառայողների ու քաղաքացիների հետ համատեղ շարունակում է աշխատանքները՝ լուծելով առկա խնդիրները: