«Հովնանյան» հիմնադրամն օգնում է վերակենդանացնել սահմանամերձ գյուղերը և բարելավել կենսաապահովման միջոցները

2020 թվականից Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը՝ ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրի հետ համագործակցությամբ, ակտիվորեն ներգրավված է Տավուշի սահմանամերձ գյուղերի՝ ջրի հետ կապված ճգնաժամային խնդիրների լուծման գործում: Այս շարունակական պետություն-մասնավոր դաշտ համագործակցությունը ձգտում է ոռոգման և մաքուր խմելու ջրերով ապահովել դրանցից զրկված գյուղերին: Վերջնական նպատակն է հիմնովին բարելավել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պայմանները` աշխուժացնելով բնակչությունը և հնարավորություն տալով աճեցնել գյուղատնտեսական տարբեր մթերքներ։

Հունիսի 2-ին Նոյեմբերյան համայնք էր այցելել Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի տնօրեն Էդիլ Հովնանյանը․ այցի շրջանակում քննարկվել են նախորդ տարիներին համայնքում իրականացված ծրագրերը, բնակիչների արձագանքները և հետագա զարգացման հնարավորությունները։ Այցը նպատակ ուներ գնահատելու համայնքում իրականացված աշխատանքների արդյունավետությունն ու զարգացման նոր ուղղությունները։

Այցելություններ են եղել մի շարք տարածքներ, որտեղ իրականացվել են խմելու ջրի և ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրեր։ Դրանք կյանքի են կոչվել համայնքի և «Հովնանյան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Մասնավորապես, 2022-2025 թվականներին շուրջ 260 միլիոն դրամի ներդրմամբ բարելավվել են ջրամատակարարման համակարգերը հետևյալ բնակավայրերում․

  • Բերդավան 2՝ Բերդավան գյուղում,
  • Զեյթուն 1՝ Բագրատաշենում,
  • Լալվարի ոռոգման համակարգ՝ Դեբեդավանում,
  • Խմելու ջրի ներքին ցանց՝ Կողբում։

Հանդիպման ավարտին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը համայնքի կարևորագույն ոլորտների զարգացմանը նպաստելու համար Էդիլ Հովնանյանին շնորհել է Նոյեմբերյան համայնքի պատվավոր քաղաքացու կոչումը։ Կոչումը տրվել է համայնքային կարիքների շուրջ ցուցաբերած երկարամյա աջակցության և մարդասիրական արժեքների տարածման համար։

Իր խոսքում Է․ Հովնանյանը վստահեցրել է, որ «Հովնանյան» հիմնադրամը շարունակելու է գործունեությունը Նոյեմբերյան համայնքում՝ հատկապես կենտրոնանալով այն ուղղությունների վրա, որոնք կարևոր են համայնքի բնականոն կյանքի և կայուն զարգացման համար։