«Հրաշքադարանը» քննարկվեց պատանի տավուշեցի ընթերցողների հետ

«Հրաշքադարանն» արկածային ստեղծագործություն է, որը պատանի ընթերցողին տանում է երևակայական աշխարհներ՝ միաժամանակ փոխանցելով գիտելիքի հաղթանակի գաղափարը։ Գիրքն առաջին անգամ ներկայացվեց Տավուշի մարզում․ հեղինակ Նելլի Նովեմը հանդիպեց Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտներին ՝ քննարկելու ստեղծագործությունն ու պատասխանելու նրանց հարցերին։

Դպրոցականները նախապես ընթերցել էին գիրքը և արդեն ձևավորել իրենց հարցերն ու դիտարկումները։ Քննարկման ընթացքում  նրանք կիսվեցին տպավորություններով, առանձնացրին սիրելի հերոսներին ու դրվագները, ինչպես նաև հետաքրքրվեցին գրքի ստեղծման գաղափարով։

«Հրաշքադարանն» արկածային պատմություն է, խորքային ուղերձ ունեցող ստեղծագործություն։ Մեզ ծանոթ հերոսները՝ էպոսից, առասպելներից ու հեքիաթներից հայտնվում են նոր փորձությունների կիզակետում՝ դրսևորելով կամք, հավատ և խիզախություն։ Պատմությունը նաև ի հայտ է բերում մեր անցյալն ու ներկան իրար ձուլող անտեսանելի այն կապը, որը միակ ճանապարհն է դեպի լույսը, դեպի նոր նվաճումները: