Հուլիսի 5-ը Հաղթանակ գյուղում կրկնակի տոներ են․ նշվեց գյուղի հիմնադրման 76-ամյակը

Հուլիսի 5-ին Հաղթանակ գյուղում նշվեց գյուղի հիմնադրման 76-ամյակը

Դհոլահարների համազարկով Հաղթանակ գյուղում մեկնարկում են գյուղի հիմնադրման օրվա առթիվ միջոցառումները։ Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղում արդեն գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը նշում են նաև գյուղի հիմնադրման օրը։ Այս տարի Հաղթանակի հիմնադրման 76 ամյակի միջոցառումները մեկնարկեցին հանուն հայրենիքի զոհված հայրենակիցների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

Նախորդ տարի գյուղի հիմնադրման առիթով Հաղթանակի բարձունքին տեղադրվեց Հայաստանի պետական դրոշը՝ 24 մետր բարձրությամբ։ Դրոշի վերխոյացման խորհուրդը պետական խորհրդանիշների արժևորումն է, ինչին էլ այսօր ծառայում է այն։ Գյուղի բարձունքին Հաղթանակի տաղանդաշատ երիտասարդներն են մշակութային կատարումներով՝ գովերգելով հայրենիքը, հավատը, կրթությունն ու աշխատանքը։

Հաղթանակը Դեբեդ գետի աջափնյակում է գտնվում։ Խորհրդային միության տարիներին այն եղել է Թումանյանի անվան սովետական տնտեսությանը կից ավան, որից հետո ստացել է գյուղական բնակավայրի կարգավիճակ ու այժմ էլ Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմում է։

Հուլիսի 5-ը հաղթանակցիների օրացույցում կրկնակի տոներ են՝ Սահմանադրության օրն ու գյուղի օրը, որն ավանդույթի ուժով նշվելու է ամեն տարի։

 

Լուսանկարները՝ Շաքե Ավագյանի։