Հուշապատի բացման և խաչքարի օրհնության արարողություններ` Արծվաբերդ գյուղում

Կյանքդ` կյանքիս համար, կյանքս` կյանքիդ գնով. Հոկտեմբերի 27-ին Արծվաբերդ գյուղում կայացավ Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներում զոհված արծվաբերդցիների հիշատակին նվիրված պուրակի, հուշապատի բացման և խաչքարի օծման արարողությունը։ Պուրակը կառուցվել է Արծվաբերդի նախկին վարչական ղեկավար Օնիկ Բալյանի նախաձեռնությամբ և ռուսաստանաբնակ արծվաբերդցի Տիգրան Բեկյանի բարերարությամբ։ Խաչքարի օծման արարողությունը կայացավ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի հանդիսապետությամբ ու հոգևոր դասի մասնակցությամբ։
Արծվաբերդցիները վստահ են՝ խաչքարի տեղադրումը հիմք կդառնա սերունդների հայրենասիրական ոգու ամրապնդման համար։ Արարողության ավարտին ներկաները խոնարհվեցին և ծաղիկներ դրեցին հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ։ Անկախությունից ի վեր Արցախի պաշտպանության համար Արծվաբերդից զոհվել է 19 հայորդի։