«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությունները Հաշմանդամություն ունեցող անձանց օրվան ընդառաջ
1992 թվականից ի վեր ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր. օրվան ընդառաջ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղը նախաձեռնել էր հաշմանդամության վերաբերյալ դաս-քննարկում: «Ի՞նչ է հաշմանդամությունը» թեմայով դաս-քննարկմանy մասնակցում էին Իջևանի հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտները: Քննարկման ընթացքում խոսվեց հաշմանդամության մոդելների, հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցման և նրանց իրավունքների մասին:
Իրազեկման ակցիաներ են իրականացվել նաև համանքի հանրակրթական դպրոցներում, իսկ դեկտեմբերի 2-ին «Հույսի կամուրջի» Իջևանի կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում տարբեր ոլորտների ներկայացուցիչների ու որոշում կայացնողների հետ. նպատակը հասարակության իրազեկման բարձրացնումն էր հաշմանդամության ընկալման շուրջ:
«Հույսի կամուրջ» կենտրոնում հաճախ են կազմակերպվում բարության դասեր, քննարկումներ, ֆիլմի դիտումներ. Աննան, ով մանկուց ընդգրկված է «Հույսի կամուրջի» տարբեր միջոցառումներում, իր ընկերների հետ մեր նկարահանման ընթացքում դիտում էր «Հրաշքը» ֆիլմը:
«Հույսի կամուրջը» Տավուշի մարզում իրականացնում է կրթությանն աջակցող մանկավարժահոգեբանական ծառայություններ, որոնք տրամադրվում են երեխաներին, ծնողներին և ուսուցիչներին: Այն իր մեջ ներառում է նաև վերականգնողական կենտրոն՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող երեխաների համար:
«Հույսի կամուրջը» զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ: Կառույցի առաքելությունն է պաշտպանել նրանց իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում: Այս ներառմանն աջակցում են կրթություն ստանալու, համայնքային ծառայությունների և ինքնուրույն ապրելու հավասար հնարավորությունների գաղափարների քարոզումը: Կազմակերպությունը գործում է 1996 թվականից և այժմ ունի կենտրոններ Երևանում ու Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան համայնքներում: