Իջևան համայնքից շուրջ 120 դպրոցականներ հանդիպեցին ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանի հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ «Երախաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ. իրականացնում է «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը: Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12-ին Իջևանում կայացավ հանդիպում ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանի հետ: Տավուշի մարզպետարանում կայացած հանդիպմանը մասնակցում էր շուրջ 120 դպրոցական Գանձաքարի, Գետահովիտի, Խաշթառակի,Ա կնաղբյուրի և Իջևանի 6 դպրոցներից:
Ծրագրի շրջանակում կազմակերպվող հանդիպումներին ընդհանուր առմամբ մասնակցելու է 3500 դպրոցական` 450 դպրոցից: Հանդիպումներն իրականացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն են ունենում ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև անմիջականորեն դիտում են տվյալ արվեստագետի ներկայացումը, մասնակցություն են ունենում հյուրի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տեղի է ունենում հարցուպատասխան, որը նպաստում է աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը:
Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը: «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 11-14-ը տեղի է ունեցել դասախոսություն-հանդիպումների շարք Դիլիջանի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում: