Իջևանի «Բենտոնիտ կոմբինատի» մի խումբ աշխատակիցներ պնդում են, որ իրենց անուններով առցանց վարկեր են ձևակերպվել

Իջևանի «Բենտոնիտ կոմբինատի» մի խումբ աշխատակիցներ պնդում են, որ իրենց անձնական տվյալների օգտագործմամբ, առանց իրենց գիտության և համաձայնության, տարբեր վարկային կազմակերպություններում իրենց անուններով առցանց վարկեր են ձևակերպվել։
Աշխատակիցների փոխանցմամբ՝ 13 անձի անունով ձևակերպված վարկերի չափերը տատանվում են շուրջ 160 հազարից մինչև 720 հազար դրամի սահմաններում։ Նրանց խոսքով՝ դեպքի հետևանքով արդեն հարկադիր գանձումներ են իրականացվում, ինչի արդյունքում իրենք զրկվել են իրենց աշխատավարձերից օգտվելու հնարավորությունից։
Տուժողների ներկայացուցիչը պնդում է, որ դեպքին առնչություն ունի «Բենտոնիտ կոմբինատի» գլխավոր հաշվապահի թոռը, որը նախորդ տարվա վերջին ընկերությունում զբաղվել է ծրագրային անվտանգության ապահովման աշխատանքներով։ Ըստ նրա՝ վերջինս «ԱրմՄեդ» հավելվածի ակտիվացման պատրվակով ստացել է աշխատակիցների անձնագրերն ու բջջային հեռախոսները, իրականացրել նույնականացման գործընթաց և այդ տվյալների միջոցով ձևակերպել առցանց վարկեր։
Աշխատակիցները նշում են, որ արդեն ճանաչվել են տուժող, սակայն, իրենց խոսքով, մինչ օրս խնդիրը լիարժեք լուծում չի ստացել, իսկ որոշ դեպքերում հարկադիր գանձումները շարունակվում են։
Տավուշ Մեդիային ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային հափշտակություն) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։
Նախաքննությունը շարունակվում է։
Մանրամասները՝ հաջորդիվ։