Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում

Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը ֆուտբոլային պատմության մեջ առաջին անգամ մասնակցում է Հայաստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ առաջնությանը։ Բարեհաջող անցնելով Ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման փուլը, «Նիկարմ» ակումբին հնարավորություն է տրվել մասնակցելու Ֆուտբոլի Առաջին խմբի մրցաշարին։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցաշարին մասնակից դառնալը եղել է «Նիկարմի» կարևորագույն նպատակներից։
«Նիկարմ» ակումբի կազմում հիմնականում տավուշցիներ են․ ակումբը հնարավորություն է տալիս այս միջոցով զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով և գնալ իրենց ֆուտբոլային կարիերայի հետևից։

Թիմի կազմում կան նաև երևանաբնակ ու արտերկրից ժամանած ֆուտբոլիստներ, ովքեր իրենց փորձառությամբ են կիսվում։
Տոմոյա Շիմամուրան, ով թիմի հարձակվողն է, եկել է Ճապոնիայից։
-Նիկարմը լավ թիմ է, նոր է ձևավորվել թիմը, ու բոլորս ձգտում ենք հասնել առավելագույնին, և հավատում ենք, որ քայլ առ քայլ կարող ենք ունենալ առաջընթաց ու ձեռքբերում։ Գիտեք, ֆուտբոլում կարևոր է թիմային աշխատաքը, որը մեզ մոտ ստացվում է։ Հայաստանը ինձ շատ է դուր եկել, ու այստեղ ինձ լավ եմ զգում, հատակապես մարդկանց շնորհիվ, – նշում է ճապոնացի ֆուտբոլիստը։

Որն է հաջողության հասնելու ճանապարհը․ մեր հարցին ի պատասխան թիմի մարզիչը նշում է անդադար աշխատելը։ Վերջին տարիներին «Նիկարմ» ակումբը աննախադեպ թվով թիմեր է ձևավորվել Տավուշի մարզի տարբեր քաղաքային ու գյուղական բնակավայրերում, ովքեր խաղում են Սիրողական լիգայում, ներկայացված են մանկապատանեկան առաջնություններում, կանանց ֆուտբոլում․ այժմ նաև՝ ֆուտբոլի պրոֆեսիոնալ Առաջին խմբի առաջնությունում։
«Նիկարմ» ակումբը զարգացնում է ֆուտբոլը Տավուշում։ «Տավուշի մարզում ֆուտբոլի զարգացումը անխուսափելի է»․ այս կարգախոսն Նիկարմի ավելի քան 23 տարվա գործունեության նպատակակետը։