Իջևանի թիվ 1 դպրոցի աշակերտները ներկայացրել են «Ծիսական հարսանիք» նախագծային աշխատանքը

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում մայիսի 16-ին տոնական տրամադրություն էր․ դպրոցի 7-9-րդ դասարանների ավելի քան 50 աշակերտ «հայոց պատմություն» առարկայի շրջանակում կազմակերպել էին հայկական ավանդական հարսանիք։ Հանրակրթական պետական չափորոշիչների հիման վրա աշակերտները որպես նախագծային աշխատանք ընտրել էին ծիսական հայկական հարսանիքի ներկայացումը՝ ավանդական բոլոր արարողակարգով, կոլորիտային միջավայրով ու կերպարներով։

Աշակերտները միջոցառման միջոցով հաղորդակից են լինում այն ազգային արարողություններին, որոնք հատուկ են միայն հայ ժողովրդին։ Միջոցառմանը աշակերտները ներկայացրել էին նաև հայկական խոհանոցը։

Միջոցառման ամբողջ ընթացքն ուղեկցվեց ազգային երաժշտությամբ ու պարերով։ Սերունդներին դարերի խորքից եկող հայ մշակույթին հաղոդակից դարձնելու նպատակով նմանատիպ միջոցառումները Իջևանի առաջին դպրոցում պարբերաբար են նախաձեռնվելու։