Իջևանում իրականացվեց թափառող կենդանիների անվճար ստերջացման և ստերիլիզացման ծրագիր

Իջևանի համայնքապետարանի և «Բրիջիթ Բարդո» միջազգային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ համայնքում իրականացվում է թափառող կենդանիների ստերջացման և ստերիլիզացման ծրագիր՝ անվճար հիմունքներով։ Ստերիլիզացիայի են ենթարկվել փողոցի թափառող կենդանիները, նաև ընտանի կենդանիները՝ բնակիչների ցանկությամբ։
«Աշխարհի տարբեր անկյուններից Իջևանի համայնքապետարանի հրավերով Հայաստան են եկել կամավորներ`իրականացնելու թափառող կենդանիների ստերջացման և ստերիլիզացման ծրագիրը։ Կարևոր է, որ համայնքում կա այս վերաբերմունքը թափառող կենդանիների նկատմամբ։ Բնակիչները, համայնքը հետաքրքրված են թափառող կենդանիների ճակատագրով։ Մեր խմբերը զուգահեռաբար աշխատում են նաև Հայաստանի այլ քաղաքներում, և այս պահի դրությամբ իրականացվել է մոտ 80 կենադանու ստերջացում՝ մասնագիտացված անասնաբույժների կողմից՝ անվտանգության բոլոր նորմերի պահպանմամբ»,- նշում է հիմնադրամի ներկայացուցիչ Եկատերինա Ֆունկեն։
«Բրիջիթ Բարդո» հիմնադրամն արդեն երկար տարիներ զբաղվում է վայրի և ընտանի կենդանիների պաշտպանությամբ՝ կառուցելով ապաստարաններ, իրականացնելով կենդանիների պաշտպանության նախագծեր։ Իջևանում աշխատանքների շրջանակում հիմնադրամի մասնագետները հանդիպումներ են ունեցել նաև քաղաքի դպրոցներում՝ անցկացնելով «Բարության դասեր»։
«Սա իմ առաջին փորձառությունն է իմ երկրի սահմաններից դուրս․ ուրախ եմ գտնվել Հայաստանում և խոսել հայ երեխանների հետ բարության մասին։ Ինչպես վարվել կենդանիների հետ, ինչպես վարվել բնության, շրջակա միջավայրի հետ․ սրանք կարևոր թեմաներ են, որ պետք է զրուցենք մեր երեխաների հետ։ Այսչափ բարություն, հոգատարություն, որ կա հայ երեխաների սրտերում, մեզ ջերմացրել է»,- նշում է «Թափառող կենդանիների պահպանության ընկերություն (Hayot Animal Shelter)» կազմակերպության աշխատակից Օլգա Վրևսկայան։
Նախաձեռնությունն իրականացվում է կենդանիների բարեկեցության և հանրային առողջության պաշտպանության նպատակով։