Իջևանում կայացավ շախմատի պատանիների առաջնության մարզային փուլը
Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում մարտի 6-8-ը կայացավ Հայաստանի շախմատի ակադեմիայի Տավուշի մարզի ներկայացուցչության կազմակերպած շախմատի պատանիների առաջնությունը։
«Մրցաշարը Տավուշի մարզի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչն է, որի արդյունքում հաղթող դուրս եկած յուրաքանչյուր տարիքային խմբի մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցել Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին։ Այստեղ խաղում են երեխաներ 8 տարիքային խմբերից՝ 5 տղաների և 3 աղջիկների»,- մրցաշարի մասին պատմում է Տավուշի մարզի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Արթուր Գևորգյանը։
Հայաստանի շախմատի ակադեմիան յուարքանչյուր տարի կազմակերպում է շախմատի մրցաշար, որն անցկացվում է 5 առանձին խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների միջև։ Այս տարի մարզի մի շարք համայնքներից շախմատի առաջնությանը մասնակցում էր շուրջ 80 տավուշեցի պատանի։
Մարզիչները նշում են՝ տարեցտարի կարևորվում է շախմատի դերը երեխաների ու պատանիների կյանքում, իսկ նմանատիպ մրցաշարերը նպաստում են պատանիների կարողությունների զարգացմանը։ Ինչպես նշում է Դիլիջանի շախմատի խմբակի մարզիչ Ալվարդ Սահակյանը՝ «շախմատը շատ կարևոր է երեխաների համար այն առումով, որ նրանք կարողանում են շախմատի միջոցով ճիշտ ընկալել՝ ճիշտ նայել կյանքին, նաև մի քանի քայլ առաջ մտածելու հնարավորություն է տալիս»։