Իջևանում նշվեց Խաչվերացի տոնը
Խաչվերացի տոնն Իջևանում նշվեց խաչերթով՝ համայնքի հոգևոր հովիվներ Տեր Սիմեոնի և Տեր Աբելի առաջնորդությամբ։
Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։
Խաչվերացի տոնը նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։