Իջևանում քննարկվել են մարզային հեռարձակողների արդի մարտահրավերները

Օգոստոսի 28-ին Իջևանում տեղի ունեցավ «Մարզային հեռարձակողների արդի մարտահրավերները․ խնդիրներից դեպի ռազմավարություն» խորագրով հանդիպումը։ Միջոցառման նախաձեռնողը՝ Տավուշ Մեդիան, մեկ հարթակում էր համախմբել Հայաստանի մարզային հեռարձակողներին, քաղհասարակության, Հեռուսատատեսության և ռադիոյի հանձնաժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին։
Ողջունելով ներկաներին, Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մասնակցության համար և ուշադրություն հրավիրեց մարզային հեռուստաընկերությունների համագործակցության ամրապնդմանը՝ համընդհանուր մարտահրավերներին միասնական ուժերով դիմակայելու համար։
Ներկաներին ողջունեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը․ նա հույս հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն, քանի որ նպաստում են ոլորտի խնդիրների շուրջ լուծումների ձևակերպմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց մարզային հեռուստաընկերությունների առջև ծառացած հիմնական խնդիրներին, փոփոխվող մեդիադաշտում լսարանի պահպանմանն ու զարգացմանը, մարզային հեռարձակման ապագային, ինչպես նաև ոլորտի զարգացման հնարավորություններին։
Մասնակիցները քննարկեցին նաև տեղական մեդիայի դերը մարզերի զարգացման գործում և մարզային լրատվամիջոցների ու համայնքների համագործակցության հեռանկարները։
Առանձին անդրադարձ կատարվեց 2026 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ մարզային հեռուստաընկերությունների դերակատարությանը։ Քննարկվեցին ընտրությունների լուսաբանման հետ կապված խնդիրները, հնարավորությունները և մասնագիտական մոտեցումները։
Օրակարգում էր նաև մարզային հեռուստաընկերությունների միջև համագործակցության ընդլայնման հարցը։ Մասնակիցները խոսեցին ընդհանուր ցանցի ձևավորման, փորձի փոխանակման և համատեղ մեդիա նախագծերի իրականացման հնարավորությունների մասին։
Միջոցառման շրջանակում ներկայացվեցին նաև ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունները և դրանցով պայմանավորված նոր կարգավորումների կիրառման ընթացակարգերը։ Թեմայի վերաբերյալ ներկայացմամբ հանդես եկավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի Իրավաբանական և լիցենզավորման վարչության իրավական ապահովման բաժնի պետ Աստղինե Մանուկյանը։
ՏԻՄ ընտրություններին վերաբերող ընթացիկ գործընթացները, առկա մարտահրավերներն ու հետագա քայլերը ներկայացրեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի Ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը։
Քննարկման ավարտին մասնակիցներն ամփոփեցին առաջարկները և անդրադարձան հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերին ու քայլերին։
Միջոցառման ավարտին մասնակիցները այցելեցին Տավուշ Մեդիա, որտեղ ստորագրվեց համատեղ հայտարարություն՝ մարզային հեռարձակողների համագործակցությունն ու հետագա համատեղ աշխատանքը խթանելու նպատակով։
Հայտարարության տեքստը՝ ստորև․
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատասխանատու և հանրային շահին ծառայող լուսաբանման վերաբերյալ
Մենք՝ Հայաստանի մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներս, հաստատում ենք մեր հանձնառությունը՝ ծառայելու հանրային շահին, ապահովելու քաղաքացիների տեղեկացված ընտրության իրավունքը և նպաստելու ազատ, արդար ու թափանցիկ տեղեկատվական միջավայրի ձևավորմանը ՏԻՄ ընտրությունների ընթացքում։
Գիտակցելով մարզային լրատվամիջոցների առանձնահատուկ դերը Հայաստանի մարզերում՝ մենք պարտավորվում ենք.
- Ապահովել ընտրական գործընթացների փաստերի վրա հիմնված, հավաստի և ստուգված տեղեկատվության տարածումը։
- Լուսաբանել ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին և քաղաքական ուժերին հավասարակշիռ, անաչառ և ոչ խտրական մոտեցմամբ՝ բացառելով անհիմն նախապատվությունները։
- Հստակ տարանջատել փաստը, կարծիքը և մեկնաբանությունը՝ ընթերցողին ու դիտողին ներկայացնելով տեղեկատվությունը հնարավորինս ամբողջական և հասկանալի ձևով։
- Նպաստել ընտրողների իրազեկվածության բարձրացմանը՝ ներկայացնելով ընտրական գործընթացների, քաղաքացիների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ պարզ ու մատչելի տեղեկատվություն։
- Չտարածել չստուգված տեղեկություններ, ապատեղեկատվություն կամ մանիպուլյատիվ բովանդակություն և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ նման տեղեկատվությունը ժամանակին հերքելու համար։
- Հարգել մարդու արժանապատվությունը, անձնական տվյալների պաշտպանությունը և բացառել ատելության խոսքի, խտրականության կամ բռնության քարոզչության ցանկացած դրսևորում։
- Խրախուսել հանրային բանավեճը՝ ապահովելով բազմակարծություն, տարբեր տեսակետների ներկայացում և համայնքային խնդիրների շուրջ կառուցողական քննարկումներ։
- Համագործակցել միմյանց հետ՝ մասնագիտական փորձի փոխանակման, փաստերի ստուգման և ընտրական գործընթացների որակյալ լուսաբանման նպատակով։
- Գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, լրագրողական էթիկայի սկզբունքների և խոսքի ազատության միջազգային չափանիշների համաձայն։
- Մեր մասնագիտական գործունեությամբ նպաստել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական զարգացմանը, համայնքների կայունությանը, հասարակական համերաշխության ամրապնդմանը և այնպիսի հանրային միջավայրի ձևավորմանը, որտեղ գերակա են մարդու արժանապատվությունը, ազատությունը, արդարությունը և համամարդկային արժեքները։
Մենք համոզված ենք, որ անկախ, պատասխանատու և մասնագիտական լրագրությունը ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն նախապայմաններից է։ Այս հայտարարության ստորագրմամբ մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ միասին նպաստելու քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը, վստահելի տեղեկատվական միջավայրի և ժողովրդավարական տեղական ինքնակառավարման զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։
ՀՀ, Տավուշի մարզ, ք․ Իջևան, 28․08․2026թ․
- Արարատ ՀԸ
- «Գեղամա» մեդիա հոլդինգ
- Դելտա TV
- Կոտայք ՀԸ
- Սյունիք ՀԸ
- Տավուշ Մեդիա
- Ֆորտունա ՀԸ
- Ցայգ ՀԸ

