Ինչ արտոնություններ ունեն ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրերը. ԱՍՀՆ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրերի արտոնությունների ցանկը:
Երեխա խնամող աշխատողները ՀՀ աշխատանքային օրենսգրքով ունեն հետևյալ երաշխիքները և իրավունքները՝
- երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ՝ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի.
- մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողների պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ։ Այս դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան.
- մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.
- մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո.
- մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.
- մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.
- մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.
- մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն.
- երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը.
- մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գործուղման ուղարկվել միայն իրենց համաձայնությամբ.
- մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավելն արգելվում է.
- եթե մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը.
- գործող կարգավորումների համաձայն՝ երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում, և այդ ժամանակահատվածի համար պահպանվում միջին ժամային աշխատավարձը։