Ինչ քաղաքական պատկեր է ձևավորվել Տավուշի մարզում

Տավուշը կատարեց իր ընտրությունը։ Բարձր մասնակցությամբ առանձնացած մեր մարզում արդեն հայտնի են բոլոր արդյունքները, որոնք ցույց են տալիս քաղաքական ուժերի հարաբերակցությունը և որոշակի պատկերացում տալիս այն մասին, թե ինչ սպասումներով են ընտրատեղամասեր գնացել մարզի բնակիչները։ Հունիսի 7-ի հերթական խորհրդարանական ընտրություններում Տավուշն առանձնացավ մասնակցության բարձր ցուցանիշով։ Մարզում արձանագրվեց հանրապետության ամենաբարձր մասնակցություններից մեկը․ քվեարկելու իրավունք ունեցող 101 695 ընտրողից, քվեարկությանը մասնակցել է շուրջ 65,579–ը, ինչը վկայում է, որ այստեղ քաղաքացիները շարունակում են ընտրությունները դիտարկել որպես իրենց ձայնը լսելի դարձնելու կարևոր հնարավորություն։
Տավուշի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է շուրջ 38 հազար ձայն։ Երկրորդ ամենաշատ ձայները ստացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ հավաքելով ավելի քան 13 հազար քվե։ Երրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է՝ մոտ 5 հազար ձայնով։ Մնացած քաղաքական ուժերը ստացել են համեմատաբար քիչ ձայներ՝ չկարողանալով էապես ազդել մարզի ընդհանուր քաղաքական պատկերի վրա։
Սակայն թվերից այն կողմ Տավուշի ընտրական պատկերը շատ ավելի խորքային է։ Մեր մարզում ընտրությունը հազվադեպ է պայմանավորված միայն կուսակցական համակրանքներով։ Այստեղ ընտրողի որոշումների վրա ազդեցություն ունեն անվտանգային մարտահրավերները, սահմանամերձ կյանքի առանձնահատկությունները, աշխատատեղերի պակասը, ենթակառուցվածքների զարգացումը, կրթության և առողջապահության հասանելիությունը, ինչպես նաև երիտասարդների ապագայի վերաբերյալ պատկերացումները։
Այսօր, երբ ընտրական գործընթացներն արդեն ավարտված են և ընտրություններից մեկ շաբաթ անց հայտնի է, թե որ ուժերն անցան խորհրդարան, Տավուշի բնակիչներին առավել շատ հետաքրքրում է թե ինչ կփոխվի վաղվանից։
Տավուշը կատարել է իր ընտրությունը։ Այժմ հերթը քաղաքական ուժերինն է՝ պատասխանելու այն վստահությանը, որը ստացել են ընտրատուփերի մոտ։