Ինչպես դիմակայել շոգին

Այս օրերին օդի բարձր ջերմային ֆոնին, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի գերտաքացումը մեղմելու, կանխելու նպատակով խորհուրդ է տրվում հետևել մի քանի պարզ կանոնի:
Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 11:00-17:00-ի ժամանակահատվածում:
- Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է՝ բամբակյա կտորից հագուստ:
- Օգտագործել SPF 50 և ավելի, լայն սպեկտրով (UVA և UVB պաշտպանություն), արևապաշտպան քսուք։
- Հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ:
- Խմել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 3 լիտր), դրանք պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած:
- Չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները՝ թե՛ տաք, թե՛ սառը:
- Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
- Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք ցանկալի է ցերեկային ամենաշոգ ժամերին հանգիստ ռեժիմ վարեն։
- Երբեք մի՛ թողեք նորածիններին կամ երեխաներին կայանված մեքենայում, նույնիսկ եթե պատուհանները բաց են։