«Իրական դպրոցը» ճանապարհեց 10-րդ սերնդի շրջանավարտներին

«Տարելրումն 2026» խորագրով միջոցառմամբ «Իրական դպրոցն» ամփոփում է 2025-2026 ուսումնական տարին՝ միաժամանակ նշելով կրթօջախի գործունեության 10-ամյակը։ Հոբելյանական միջոցառումը տեղի ունեցավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ համախմբելով դպրոցի աշակերտներին, շրջանավարտներին, ուսուցիչներին, գործընկերներին և հյուրերին։
Տասը տարի շարունակ «Իրական դպրոցը» Հայաստանում ներդնում և զարգացնում է իր յուրահատուկ կրթական մոդելը՝ գործունեություն ծավալելով Երևանում, ու մարզերում։ Այս տարին կարևոր էր հատկապես Իջևանի Իրական դպրոցի համար, քանի որ դպրոցը ճանապարհեց իր առաջին շրջանավարտներին։
Երեկոն մեկնարկեց «Ճարտար» ակումբի ուսանողների աշխատանքների ցուցահանդես-վաճառքով և «Իրական դպրոցի» կրթական ու տեխնոլոգիական նախագծերի ներկայացմամբ։ Այնուհետև բեմում ցուցադրվեց երաժշտական բեմականացում՝ «Ճարտար» ակումբի ուսանողների մասնակցությամբ, որին հաջորդեց տարվա շրջանավարտների հրաժեշտի հանդիսավոր արարողությունը։
«Իրական դպրոցը» տասը տարի շարունակ կրթում է համակարգաբանների նոր սերունդ՝ համադրելով տեսական գիտելիքը գործնական աշխատանքի հետ։ Այստեղ սովորողները դեռ դպրոցական տարիներից ներգրավվում են իրական նախագծերում, ձեռք բերում մասնագիտական փորձ, զարգացնում ինժեներական մտածողությունն ու թիմային աշխատանքի հմտությունները։
Օրվա ամենասպասված պահը ավարտական վկայականների հանձնումն էր։ Շրջանավարտները բեմ բարձրացան՝ ստանալու իրենց վկայականներն ու հրաժեշտ տալու դպրոցին։ Ջերմ շնորհավորանքների, ծափահարությունների և հուզիչ պահերի ուղեկցությամբ ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի։ «Տարելրումն 2026»-ը եզրափակեց դպրոցի հոբելյանական տարին՝ ամփոփելով տասնամյա ուղին, ձեռքբերումներն ու ձևավորված ավանդույթները։ Առջևում նոր ուսումնական տարի է, նոր աշակերտներ և նոր հաջողությունների պատմություններ։