«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացման բարձրացման ծրագիրը Տավուշում և Գեղարքունիքում

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացնում է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացման բարձրացում՝ միջոլորտային գործընկերության և համայնքային ներգրավվածության միջոցով» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով: 

Հայաստանի Հանրապետությունը մշակել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը` դրանով իսկ վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքները «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով: ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի կողմից 1325 բանաձևն ընդունվել է 2000թ․ հոկտեմբերի 31 -ին՝ միաձայն։ Այս բանաձևը վերահաստատում է կանանց կարևոր դերը հակամարտությունների կանխարգելման և լուծման, բանակցային, խաղաղաշինական, մարդասիրական օգնության տրամադրման, որոշումների կայացման և հետպատերազմական վերակառուցման գործընթացներում։

Արմավիրի զարգացման կոնտրոնի կողմից իրականացվող ծրագրի հիմնական նպատակն է նպաստել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացմանը  նաև մարզային մակարդակում։ 

Ծրագրի շրջանակում Իջևան և Վարդենիս համայնքներում կատարվել է կարիքների վերհանում՝ ֆոկուս խմբային քննարկման միջոցով, որից հետո նոյեմբերի 24-ից մեկնարկել է Իջևանի և Վարդենիսի համայնքապետարանների աշխատակիցների, քաղհասարակության ու մեդիա ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը Հանքավանում՝ եռօրյա դասընթացի շրջանակներում: Հաշվի առնելով համայնքների սահամանամերձ լինելու փաստը՝ Իջևանն ու Վարդենիսը  ներգրավվել են ծրագրում։ Սա պիլոտային ծրագիր է նշված երկու համայքների համար, որոնք «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում կունենան մշակված ռազմավարություն՝ կանանց համար համայնքն ավելի անվտանգ դարձնելով։

Եռօրյա հանդիպման առաջին օրը մասնակիցներին ողջունեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը: Ջոն Գալագերն իր խոսքում կարևորեց «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում գենդերային հավասարությունը, բռնության դեմ պայքարը և կանանց ներգրավումը Կ«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում: Դեսպանն ընդգծեց նաև մարդու իրավունքների պաշտպանության, հակամարտությունների կարգավորման, բռնությունների կանխարգելման ու ճգնաժամային կառավարման գործընթացներում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղհասարակության ու լրատվամիջոցների համատեղ աշխատանքի կարևորությունը:  Եռօրյա դասընթացի նպատակն էր ամրապնդել ծրագրի մասին մասնակիցների գիտելիքները, խթանել համայնքներում օրակարգի իրականացումը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան և ամրապնդեցին  իրենց գիտելիքները մարդու իրավունքների, տեղական և միջազգային փաստաթղթերում կանանց իրավահավասարության դրույթների մասին: Դասընթացն ուղեկցվել է ինչպես տեսական, այնպես էլ գործնական վարժություններով:

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ տեղական ինքնակառավարման մարմինները, քաղհասարակության ու մեդիա ոլորտի աշխատակիցները մարզերում կարևոր դերակատարություն ունեն:

Դասընթացի ավարտից հետո Իջևան և Վարդենիս համայնքներում կազմակերպվելու են հանրային լսումներ՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի տեղայնացման թեմայով: