Կանայք և երիտասարդներն ընտրություններում. ներկայացվածությունը կա, ազդեցությունը դեռ սահմանափակ է

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում կանանց մասնակցությունը կազմել է թեկնածուների ընդհանուր թվի 37,4 տոկոսը։ Օրենքով սահմանված նվազագույն շեմը հաղթահարվել է, սակայն ցուցակներից ոչ մեկում առաջին համարը կին չի եղել։ Կանանց քաղաքական մասնակցությունն  ուսումնասիրած «Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի» զեկույցը դիտարկել է ընտրական գործընթացի տարբեր փուլերը՝ կուսակցությունների ցուցակներից ու ծրագրերից մինչև քարոզարշավն ու քվեարկության օրը։

Զեկույցի հեղինակ, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ Արփինե Երիցյանն առանձնացնում է երեք բաղադրիչ՝ ներկայացվածություն, տեսանելիություն և ազդեցություն։ Թեկնածուների թվով կանայք ընտրական գործընթացում առկա էին, սակայն նրանց քաղաքական դերակատարումը տարբեր էր՝ կախված կուսակցության քարոզարշավի ձևաչափից և ներքին դերաբաշխումից։ Թիմային քարոզարշավներում կին թեկնածուները ավելի հաճախ ներկայացնում էին ծրագրային առաջարկներ։ Առաջնորդակենտրոն քարոզարշավներում նրանց դերը հիմնականում սահմանափակվում էր թիմի անդամի կամ աջակիցի կերպարով։

Երիտասարդները կազմում էին թեկնածուների 21,2 տոկոսը։ Նրանք ակտիվ էին համայնքային հանդիպումներում, քարոզչական նյութերի տարածման, միջոցառումների կազմակերպման և հատկապես սոցիալական ցանցերի աշխատանքի մեջ։ Միաժամանակ երիտասարդ թեկնածուները որպես հիմնական սահմանափակումներ նշել են հանրային ճանաչելիության պակասը, ֆինանսական ու կազմակերպչական ռեսուրսների սահմանափակությունը և փորձառու քաղաքական գործիչների գերակշռող դիրքը։

Ընտրողների հետ անցկացված 19 հարցազրույցներից 31,6 տոկոսը նշել է, որ երիտասարդներն ունեն իրական քաղաքական ազդեցություն։ Նույնքան՝ 31,6 տոկոսը, նրանց դերը հիմնականում կապել է կազմակերպչական ու օժանդակ աշխատանքի հետ։ Եվս 36,8 տոկոսը երիտասարդների ազդեցությունը գնահատել է մասնակի։

Կուսակցությունների նախընտրական ծրագրերում երիտասարդներին վերաբերող առաջարկներն ավելի բազմազան են եղել։ Դրանք հիմնականում վերաբերել են կրթությանը, մասնագիտական վերապատրաստմանը, զբաղվածությանը, երիտասարդական ձեռներեցությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին և արտագաղթի կանխմանը։

Կանանց վերաբերող դրույթներն առավել հաճախ կենտրոնացել են սոցիալական պաշտպանության, ընտանիքի, մայրության, առողջապահության և զբաղվածության թեմաների վրա։ Կանանց քաղաքական մասնակցության, առաջնորդության և որոշումների կայացման վրա ազդեցության վերաբերյալ կոնկրետ մեխանիզմները ծրագրերում ավելի քիչ են ներկայացված։

Քարոզարշավի ընթացքում կանանց ու երիտասարդների քաղաքական մասնակցությունը հիմնականում առանձին թեմա չի դարձել։ Նրանց վերաբերող հարցերը հաճախ ներառվել են սոցիալական և տնտեսական ընդհանուր ծրագրերում։ Զեկույցում համակարգված սեքսիստական քարոզարշավ չի արձանագրվել, սակայն սոցիալական ցանցերում եղել են կանանց արտաքինին, ընտանեկան կարգավիճակին կամ սեռին վերաբերող վիրավորական և կարծրատիպային մեկնաբանություններ։

Մոնիտորինգի առանձին փուլ է եղել ընտրության օրը։ Վեց համայնքում ուսումնասիրվել է 50 ընտրատեղամաս, իրականացվել է 109 դիտարկում, արձանագրվել է 13 դեպք։ Դրանց մի մասը վերաբերել է քվեարկության գաղտնիությանը, ընտրողի վրա ազդեցության փորձերին և ընտրատեղամասերում հաղորդակցության ձևին։ Մի քանի դեպքերում ընտանիքի անդամները, հիմնականում ամուսինները, փորձել են միջամտել կանանց քվեարկությանը՝ ուղղորդել ընտրությունը, պահել անձը հաստատող փաստաթուղթը կամ մոտենալ քվեախցիկին։ Դրանք զեկույցում դիտարկվում են որպես ընտրողի ինքնուրույն որոշման և քվեարկության գաղտնիության ռիսկեր։

Զեկույցն առաջարկում է առաջիկա տեղական ընտրությունների ընթացքում հաշվի առնել այս խնդիրները՝ ամրապնդել քվեարկության գաղտնիության ապահովումը, բարելավել հանձնաժողովների անդամների գործնական պատրաստվածությունը և ընտրողների հետ հաղորդակցությունը դարձնել ավելի հարգալից ու ներառական։ Ուսումնասիրության հիմնական եզրահանգումն այն է, որ կանանց ու երիտասարդների ընտրական մասնակցությունը պետք է գնահատել նաև նրանց քաղաքական խոսքի, որոշումների վրա ազդեցության և ինքնուրույն դերակատարության տեսանկյունից։ Այս մոտեցումը հատկապես արդիական է առաջիկա տեղական ընտրությունների համատեքստում։