Կայացել է «Հույսի կամուրջ» ՀԿ նախաձեռնած ֆուտբոլային առաջնության Իջևան համայնքի եզրափակիչը
Ավարտին մոտեցավ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը։ Մայիսի 18-ին Իջևանի ավագ դպրոցում ծրագրի շրջանակում իրականացավ ֆուտբոլի եզրափակիչ խաղը։ Նախագծի նպատակն էր ֆուտբոլի միջոցով խթանել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը։
Ֆուտբոլի եզրափակիչ մրցապայքարի մեկնարկային փոխանցումը կատարեց Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի նախկին պաշտպան Արմինե Խաչատրյանը։
Ներառական ֆուտբոլային թիմերի սեղծմամբ ծրագիրը նպաստում է նաև հանրակրթական դպրոցների երեխաների ինքնագնահատականի, ինքնավստահության բարձրացմանը, նոր ընկերների ձեռքբերմանը և իրենց առջև դրված նպատակների իրականացմանը։ Ֆուտբոլային մրցաշարը հաջորդիվ իրականացվելու է Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքներում, իսկ այս տարվա աշնանն արդեն լավագույն թիմերը իրենց ուժերը կփորձեն մեկ դաշտում, և հաղթող թիմը կհռչակվի Տավուշի չեմպիոն։
Մրցապայքարի ավարտին թիմերը պարգևատրվեցին մեդալներով, ծրագրի աջակիցները՝ շնորհակալագրերով։ Հաղթող ճանաչվեց Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, որը ստացավ նաև առաջնության գավաթը։ Շնորհակալագիր ստացանք նաև մենք՝ Տավուշ TV-ն՝ ծրագրի ընթացքը լավագույնս լուսաբանելու համար։
«Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը իրականացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։