ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշում էր

Հանրակրթության ոլորտում 2021 թվականին գլխավոր բովանդակային փոփոխությունը հանրակրթության նոր չափորշչի հաստատումն ու փորձարկումն էր Տավուշի մարզի դպրոցներում:

Փետրվարի 2-ին ՀՀ կրթության,գիության,մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր․ «Այսօր այստեղ ենք, որպեսզի հենց դպրոցներում տեսնենք, թե ինչպես է տեղի ունենում նոր առարկայական չափորոշիչների ներդրման գործընթացը, ինչ խնդիրներ, հարցեր կան, ինչ կետեր կան, որ լրամշակման կարիք ունեն, որովհետև շատ ենք կարևորում, որ փորձարկումն արդյունավետ լինի և դրա արդյունքում կարողանանք իրոք ստանալ լավագույն չափորոշիչը»։

Փոխնախարարի առաջին կանգառը Խաշթառակի միջնակարգ դպրոցում էր: Դպրոցի տնօրենի ուղեկցությամբ փոխնախարարը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտաշես Թորոսյանը ծանոթացան հանրակրթական պետական չափորոշիչի կիրառության ընթացքի հետ, պատասխանեցին ուսուցիչներին և աշակերտներին հուզող հարցերին:
Փոխնախարարն այցելեց նաև Լուսաձորի հիմանական դպրոց, շրջեց դասարաններով, ծանոթացավ ուսումնական գործընթացին։


Այցն ավարտվեց Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ կայացավ նաև մանկավարժական խորհրդի նիստ։ Փոխնախարարը մարզ կատարած այցն ամփոփեց Տավուշի մարզպետարանում՝ մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպմամբ։

Տիկին Անդրեասյանի խոսքով՝ հատկապես ուսուցիչների հետ հանդիպումները «շատ կարևոր էին և շատ բովանդակալից քննարկումներ էին, որտեղ լավի մասին խոսվեց լավ, բայց մատնանշվեցին նաև խնդիրները, և շատ կոնկրետ դիտարկումներ հնչեցին»։

Հիշեցնենք, որ Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով ներդրվել են Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Առարկայական չափորոշիչներն անցել են հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ՝ ուսուցչական համայնքների և ոլորտի մասնագետների հետ: