Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը Տավուշի մարզում․ նախատեսվող միջոցառումները

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Աշխարհում այն նշվում է որպես քաղաքացիական պաշտպանության միջոցառումների մասին գիտելիքների տարածման քարոզչության օր, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը և բնակչության պատրաստվածությունը։
Օրվա խորհրդով պայմանավորված Տավուշի մարզում Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության ծառայողները նախատեսել են իրականացնել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, անցկացրել դասախոսություններ։ Մասնավորապես՝ մարտի 3-ին հատուկ տակտիկական ուսումնավարժություններ կանցկանցվեն Լուսաձորի հիմնական դպրոցում, Չինարիի հիմնական դպրոցում, Նոյեմբերյանի մանկապարտեզում և Դիլիջանի մանկապարտեզում։
«Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության օր, ՔՊ ազդանշաններն ու պաշտպանական կառույցները» խորագրով դասախոսություններ են նախատեսվում Ոսկեվանի և Բաղանիսի դպրոցներում, մարտի 3-ին՝ Իջևանի թիվ 1, թիվ 4 հիմնական դպրոցներում, Պատրիկ Տէվեճյանի անվան տարածաշրջանային քոլեջում, Դիլիջանի թիվ 2, թիվ 5 միջնակարգ դպրոցներում, Տավուշի միջնակարգ դպրոցում, Բերդի ավագ դպրոցում, իսկ մարտի 4-ին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։
Միջոցառումների առանցքում բնակչության իրազեկման մակարդակի բարձրացումն ու պատրաստվածության ամրապնդումն է՝ կրկին հիշեցնելով՝ ով իրազեկված է, նա պաշտպանված է։