Կողբ գյուղում անցկացվեց «Երիտասարդաց ուժ» երիտասարդական ֆորումը

Դեկտեմբերի 14-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղում կայացավ «Երիտասարդաց ուժ» երիտասարդական ֆորումը, որը կազմակերպվել էր «Մարզերի երեխաները մարզերում» կազմակերպության Տավուշի մարզային թիմի և Կողբ հիմնադրամի համագործակցությամբ։

Ֆորումը համախմբել էր շուրջ 50 երիտասարդների Իջևան և Նոյեմբերյան համայնքներից, ինչպես նաև տարբեր ոլորտների փորձառու մասնագետների։ Միջոցառման ընթացքում խոսնակները ներկայացրել են իրենց մասնագիտական փորձը, կիսվել օգտակար խորհուրդներով և պատասխանել երիտասարդներին հուզող կարևոր հարցերին։

«Այսպիսի միջոցառումները նպաստում են երիտասարդների ակտիվացմանը և նպատակ ունեն աշխուժացնել երիտասարդներին՝ խթանելով նրանց ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը», — նշում է կազմակերպիչներից Մոնիկա Փաշիկյանը։

Ֆորումը նպաստել է երիտասարդների կարողությունների զարգացմանը, համայնքային ակտիվության խթանմանը և փորձի փոխանակմանը։ Օրը եզրափակվել է հայկական ազգային երաժշտական կատարումով՝ ստեղծելով ջերմ և ոգեշնչող մթնոլորտ։