«Կողբ-Վարդավառ 2026». չորրորդ տարին՝ ավանդույթի, երաժշտության ու տոնական տրամադրության շուրջ

Կողբ-Վարդավառ 2026

Հազարավոր մարդիկ արդեն չորրորդ անգամ հավաքվեցին Տավուշի մարզի Կողբ գյուղում՝ միասին տոնելու Վարդավառն ու մասնակցելու բազմաժանր մշակութային և ժամանցային ծրագրերին։ Հուլիսի 10-ից 12-ը այստեղ անցկացվեց «Կողբ-Վարդավառ» եռօրյա փառատոնը, որը երեք օրով գյուղը վերածեց մշակութային և զբոսաշրջային աշխույժ կենտրոնի։

Փառատոնը մեկնարկեց արկածային անիմացիոն ֆիլմի ցուցադրությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» նախագծով։ Ծրագրում ընդգրկված էին նաև Ռուբեն Եսայանի և Սոս Ջանիբեկյանի հետ հանդիպում-քննարկումները, արվեստի և արհեստի վարպետաց դասերը, ինչպես նաև գաստրոնոմիական տաղավարները, որտեղ ներկայացված էին տեղական արտադրողների ուտեստներն ու արտադրանքը։ Եռօրյա տոնակատարությունն ամփոփվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Սիմֆոնիկ Ֆոլկ» համերգով, Գարիկ և Սոնա խմբի ելույթով, ազգային երգ ու պարով և տոնական հրավառությամբ։

Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Տավուշի և Հայաստանի տարբեր համայնքների արտադրողներին, մասնակցելու խոհարարական վարպետաց դասերի, ինչպես նաև փորձելու ավանդական արհեստները՝ կավագործությունից մինչև գորգագործություն։

Ավելի հանգիստ ժամանց նախընտրողների համար գործում էին առանձին հանգստի գոտիներ՝ ֆիլմերի ցուցադրություններով, յոգայի և այլ առողջարար ծրագրերով։ Փառատոնի նպատակն է պահպանել Վարդավառի ավանդույթը ու Կողբը ներկայացնել որպես մշակութային և զբոսաշրջային կենտրոն՝ խթանելով համայնքային կյանքն ու տեղական տնտեսությունը։ Այդ նպատակին նպաստեց նաև այն, որ բոլոր միջոցառումներն այցելուների համար անվճար էին։

Վարդավառի գլխավոր խորհրդանիշը՝ ջրոցին, այս տարի ևս դարձավ ամենամարդաշատ միջոցառումներից մեկը։ Երաժշտության, ազգային պարերի և տոնական մթնոլորտի ուղեկցությամբ փառատոնի մասնակիցները պահպանեցին հայկական ամենասիրելի ամառային ավանդույթներից մեկը։

Կարդացեք նաև՝