Կոթի գյուղում կնշեն գյուղի օրը

Կոթեցի բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով հայրենի Կոթի գյուղում կառուցվել է մանկական պուրակ, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 22-ին։

Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը Տավուշ Մեդիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ բացման մեկնարկը տրվելու է ժամը 16։00-ին․ միջոցառման սկզբում գեղեցիկ երաժշտական և պարային կատարումներով հանդես կգան Կոթիի Մշակույթի տան տաղանդաշատ պատանի-երիտասարդները։

Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցները կվայրելեն Ռուբեն Հախվերդյանի, Աղասի Իսպիրյանի, Միհրան Ծառուկյանի և այլ երգիչների կատարումները։
Միջոցառումը ուղեկցվելու է ցուցահանդես-վաճառքներով․ օրը կավարտվի ավանդական դարձած խարույկով և հրավառությամբ, – հավելեց Ա․ Հախվերդյանը։

Հանդիսավոր արարողությունից բացի օրը նշանավորվում է ևս մեկ գաղափարով․ այս տարվանից սկսած յուրաքանչյուր տարի Վարդավառին նախորդող օրը նշվելու է «Կոթիի օր», որը ըստ գյուղի ղեկավարի միասնության ամրապնդման, համերաշխության, ներդաշնակության, ազգային արժեքներին հավատարիմ մնալու գործում կարևոր դեր ու նշանակություն ունի։