Կոթիում նշել են գյուղի օրը

Կոթիում նշել են գյուղի օրը

Ազգային երգերով Կոթիում մեկնարկեց գյուղի օրվան նվիրված միջոցառումը, այն անցկացվեց «Եղբայրական» պուրակում: Նախորդ տարի էր որոշվել, որ «Կոթիի օր» ամեն տարի կնշվի վարդավառից մեկ օր առաջ և այդ օրը միասնության ամրապնդման, համերաշխության, ներդաշնակության, ազգային արժեքներին հավատարիմ մնալու նշանակություն կունենա։

Օրվա իրադարձությունը համախմբել էր Կոթիի բնակիչներին ու բազմաթիվ հյուրերի Հայաստանի տարբեր մարզերից ու արտասահմանից:

Գյուղին նվիրված միջոցառումների ցանկում էին մարզական խաղերն ու հնարաշատ լարախաղացի կատարումները, Կոթիում էր հյուրընկալվել նաև Սասնա Ծռեր ազգագրական երգ ու պարի համույթը: Բնակիչների համար սա լավ առիթ է գյուղի արժեքները հանրահռչակելու և ներկայացնելու Կոթիի՝ դարեր ձգվող պատմությունը:

Գյուղացիները միահամուռ էին, որ կպահպանվի ավանդույթը ու ամեն տարի վարդավառից առաջ իրենք կտոնեն իրենց հարազատ գյուղի օրը՝ պահպանելով ավանդույթները, ազգային արժեքները ամրապնդելով համերաշխությունն ու միասնությունը: