Կյանքը սահմանին․ ինչպես են ապրում Տավուշի գյուղերն այսօր

Վազաշենը, Այգեհովիտը, Պառավաքարը Տավուշի մարզի սահմանամերձ հարևան գյուղերից են… 2025 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովները հայտարարեցին, որ աշխատանքները կշարունակվեն հենց այստեղից՝ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանների հատման կետից։ Տավուշի մարզում սկիզբ առած սահմանազատման գործընթացը, փաստացի, պետք է շարունակվի դարձյալ Տավուշից՝ այն հատվածից, որտեղ հատվում են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանները։ Եթե նախորդ դեպքում՝ 2024 թվականին, կողմերը կենտրոնացած էին առանձին գյուղամերձ հատվածների և ճանապարհների ճշգրտման վրա, ապա այժմ խոսքն արդեն ավելի լայն՝ ամբողջ տարածաշրջանի սահմանային իրավիճակի մասին է։
Բերդ համայնքի Պառավաքար գյուղն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին․ այն գտնվում է մայրաքաղաք Երևանից 178 կմ, իսկ պետական սահմանից՝ ընդամենը մոտ 2 կմ հեռավորության վրա։ Գյուղը բազմիցս ենթարկվել է հրետակոծությունների և ռմբակոծությունների։ Թեպետ վերջին տարիներին գյուղի ուղղությամբ սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, այնուամենայնիվ, անվտագության հարցն այստեղ դեռ առաջնային է։
Պառավաքարում այսօր բնակվում է մոտ 1700 մարդ։ Գյուղը հայտնի է իր խաղողի և այգեգործական ավանդույթներով, սակայն սահմանային լարվածության պատճառով բնակիչների մի մասը տարիներ շարունակ զրկված է սեփական հողերը լիարժեք մշակելու հնարավորությունից։ Չնայած անվտանգային մշտական ռիսկերին՝ այստեղ մարդիկ շարունակում են ապրել, մշակել տնամերձ հողատարածքները ու պահպանել գյուղի կենսունակությունը։
Պառավաքարում գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն են ընթանում։
Սահմանամերձ լինելու պատճառով գյուղի շուրջ 1400 հեկտար հողատարածք արդեն 3 տասնամյակ շարունակ գտնվում է ադրբեջանական վերահսկողության կամ էլ անմիջական դիտարկման տակ, ինչի հետևանքով սահմանափակվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Խորհրդային տարիներին Պառավաքարը հայտնի էր հատկապես խաղողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ․ այստեղ նույնիսկ գործել է գինու արտադրամաս։
Տավուշում դժվար է գտնել մի գյուղ, որը պատերազմի հետք չի կրել։ Այս գյուղերն իրենց պատմության մեջ բազմիցս առերեսվել են սահմանային լարվածությանը։ Ժամանակ առ ժամանակ տեղեկատվական դաշտում ակտիվորեն շրջանառվում են տարբեր, հաճախ չհաստատված տեղեկություններ։ Դրանք հիմնականում վերաբերում են հնարավոր տարածքային զիջումներին, գյուղամերձ ճանապարհների կարգավիճակի փոփոխությանը, նոր սահմանային գծերի անցկացման տարբերակներին կամ էլ սահմանային իրավիճակի փոփոխությանը։
Սահմանազատման թեմայի շուրջ տարածվող կեղծ լուրերը հատկապես զգայուն են սահմանամերձ բնակչության համար, դրանք լրացուցիչ տագնապ են առաջացնում, խորացնելով առկա անհանգստության ու անորոշության զգացումը։ Սահմանին մոտ լինելն ազդեցություն ունի նաև մարդկանց աշխատանքի և եկամուտների վրա։
Տավուշի սահմանամերձ գյուղերում մարդիկ ապրում են իրենց սովորական առօրյայով՝ մշակում են հողը, հետևում եղանակին ու միաժամանակ՝ սահմանին։ Այստեղ սահմանային ցանկացած փոփոխություն կամ հայտարարություն առաջին հերթին ընկալվում է առօրյա կյանքի տեսանկյունից՝ ինչ ազդեցություն այն կարող է ունենալ մարդկանց անվտանգության, աշխատանքի և վաղվա օրվա վրա։
Նախագիծը պատրաստվել է «HEKS/EPER» և «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում:
Նախագծում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չարտացոլել HEKS/EPER-ի, «Brot für die Welt»-ի և ՄՆԿ-ի տեսակետները։