Եղեք առաջինը. առաջինն իմացեք գրանցված երկրաշարժերի մասին

Հարգելի՛ հայրենակիցներ, խորհուրդ ենք տալիս Ձեր բջջային հեռախոսներում ներբեռնել LastQuake
հեռախոսային հավելվածը, որն արդեն գործում է նաև հայերեն լեզվով։

Այն միացված է համաշխարհային և ՀՀ սեյսմոլոգիական ցանցին , ինչի շնորհիվ երկրաշարժի պահին հեռախոսի վրա հայտնվում է երկրաշարժի վերաբերյալ տեղեկատվություն (էպիկենտրոն, մագնիտուդա, խորություն, ժամանակ)։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելվածը կատարում է վաղ ազդարարման գործառույթ, սակայն երկրաշարժի վերաբերյալ ինֆորմացիան գրանցվում է հենց այն պահին, երբ երկրաշարժը տեղի է ունենում, քանի որ աշխարհում դեռևս բացակայում է երկրաշարժի ճշգրիտ կանխատեսման հստակ մեխանիզմ, որի շնորհիվ նախապես հնարավոր կլինի կանխատեսել երկրաշարժի տեղը, ժամանակը, ուժգնությունը։

Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն ներբեռնել նույն սկզբունքով, ինչպես որ ներբեռնվում է ցանկացած հեռախոսային հավելված։

ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ.

1. Մուտք գործեք ձեր բջջային հեռախոսի App Store կամ Google Play տիրույթ
2. Որոնումների բաժնում անգլերեն տառերով գրեք LastQuake
3. Ներբեռնեք LastQuake հավելվածը
4. Գրանցվեք հավելվածում ձեր էլ․ փոստի միջոցով
5. Մուտք գործեք կարգավորումներ (Settings) բաժին, այնուհետև ձեր էջը (Your account) բաժին, որտեղ կտեսնեք լեզուների կարգավորման կոճակ, մուտք գործեք և ընտրեք հայերեն լեզուն, այնուհետև սեղմեք պահել (save) կոճակը
6. Միացրեք ձեր գեոլոկացիան, որպեսզի հավելվածը կարողանա ձեզ ցույց տալ ձեր մոտակայքում գրանցված երկրաշարժերը։
7. Եթե դուք զգացել եք երկրաշարժ ապա կարող եք մուտք գործել հավելվածի ԵՍ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԵՄ ԶԳԱՑԵԼ բաժին, որտեղ կտեսնեք 12 նկար, որոնք արտահայտում են երկրաշարժի 12 բալային սանդղակը՝ առաջին նկարը համարժեք է 1 բալին, երկրորդ նկարը 2 բալին և այդպես մինչ 12 բալ․․․

Սեղմեք այն նկարի վրա, որը մաքսիմալ նկարագրում է ձեր կողմից տվյալ պահին զգացած երկրաշարժը։

Ով իրազեկված է, նա պաշտպանված է։