Լավանդայի առաջին փառատոնը Տավուշում․ բնության ու բույրերի տոն

Տավուշի մարզում, Իջևան-Պառավաքար ավտոճանապարհի հատվածում գտնվող «Մոլորված 1» զբոսաշրջային տարածքում, առաջին անգամ անցկացվեց լավանդային նվիրված փառատոնը՝ մեկտեղելով բնության, գյուղական կյանքի և անուշաբույր բույսերի սիրահարներին։

Լավանդան աշխարհի ամենահայտնի և սիրված բուրավետ բույսերից է։ Այն հայտնի է ոչ միայն իր մանուշակագույն դաշտերով, այլև բազմազան կիրառություններով՝ բժշկության, կոսմետոլոգիայի, արոմաթերապիայի և խոհարարության ոլորտներում։

Փառատոնը համախմբել էր ինչպես Տավուշի բնակիչներին, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած բազմաթիվ այցելուների, որոնք եկել էին բացահայտելու լավանդայի աշխարհը և վայելելու բնության խաղաղությունն ու գեղեցկությունը։

Միջոցառման ընթացքում հյուրերը շրջեցին լավանդայի դաշտերով, մասնակցեցին ծաղկահավաքին, ինչպես նաև ծանոթացան եթերայուղի ստացման ամբողջ գործընթացին՝ սկսած բերքահավաքից մինչև բնական արտադրանքի պատրաստում։ Այցելուները հնարավորություն ունեցան համտեսելու լավանդայի թեյ և մեղր, ինչպես նաև ծանոթանալու լավանդայից պատրաստված բնական արտադրանքին՝ օծանելիքների, քսուկների և միջատներից պաշտպանող բնական սփրեյների։

Փառատոնի շրջանակում մասնակիցները շրջեցին նաև տարածքի գողտրիկ անկյուններով, ծանոթացան չորացրած բույսերի բազմազանությանը և իրականացվող աշխատանքներին։ Լավանդայի բույրը, Տավուշի բնության գեղեցկությունն ու ջերմ մթնոլորտը օրը վերածել էին իսկական տոնի։ Այցելուները լուսանկարվում էին մանուշակագույն դաշտերում, զբոսնում բնության գրկում և վայելում ամառային հանգիստը։

Առաջին անգամ անցկացված լավանդայի փառատոնի կազմակերպիչները վստահ են, որ նախաձեռնությունը կդառնա ամենամյա ավանդույթ՝ ամեն տարի Տավուշում համախմբելով լավանդայի, բնության և էկոզբոսաշրջության սիրահարներին։

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան