Լոռու Գիտելիքի նորարական Հաբը՝ հանուն երիտասարդ-համայնք կապերի և սոցիալական ձեռնարկատիրության

«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության ու Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի համագործակցության արդյունքում ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում արդեն մեկ տարի է գործում է հարթակ, որի նպատակն է խթանել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը Լոռու մարզում:

Հաբում հնարավոր է նոր գաղափարների գեներացումը, գիտելիքների ձեռքբերումն ու պրակտիկ օգտագործումը, աշխատանքային թիմերի ձևավորումը, դասընթացների, աշխատաժողովների, հանդիպումների, ֆիլմի դիտում-քննարկումների հյուրընկալումն ու միջոցառումների կազմակերպումը, համատեղ աշխատանքային միջավայրի ապահովումը:

Հաբը հրաշալի հնարավորություններ է ստեղծում մարզի երիտասարդների համար բացահայտելու իրենց մարզի խնդիրները, դրանց լուծման ուղիները, մարզի հնարավորությունները և դրանք ճիշտ օգտագործելու եղանակները: Այն կենտրոնացնում է երիտասարդների ուժերը, համախմբում է նրանց միևնույն գաղափարի շուրջ, միևնույն ժամանակ նպաստում է երիտասարդ-համայնք կապի ամրապնդմանը:

Նախաձեռնությունը իրականացվում է «EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որը Եվրոպական Միության աջակցությամբ իրականացնում է CENN ընկերությունը՝ Կանաչ Արահետ ՀԿ (Հայաստան) և KRDF (Վրաստան) կազմակերպությունների հետ մեկտեղ: