Լույս է տեսել 44-օրյա պատերազմում նահատակված Լևոն Մանթաշյանի բանաստեղծությունների ժողովածուն

«Հավերժ զինվորը». այսպես է կոչվում 44-օրյա պատերազմում նահատակված, դիլիջանցի Լևոն Մանթաշյանի բանաստեղծությունների ժողովածուն:
Լևոնի բանաստեղծություններում սերն ու կարոտն է թևածում, նրա գրած տողերում կա հավատ ու նվիրվածություն, սեփական Հայրենիքի և ժողովրդի նկատմամբ պարտքի կարևորության գիտակցում:

Դեռևս 15 տարեկանում Լևոն Մանթաշյանը սկսել է ստեղծագործել. գրել է մի շարք հեղինակային երգեր ու բանաստեղծություններ, որոնք ամբողջացվել են և հրատարակվել «Հավերժ զինվորը» գրքում:

Ձեզ ենք ներկայացում նրա ստեղծագործություններից մեկը, որը Լևոնը վերնագրել է «Ուրիշ աշխարհ»

Ուրիշ Աշխարհ

Այսօր իմ սենյակում աստղեր չկան,
Իմ սենյակում այսօր վարագույրները փակ են,
Եվ իմ կյանքի բեմում կեղծանուններ չկան,
Որովհետև բեմի հետևում ես մենակ եմ։
Եվ ուրեմն…
Ես գնում եմ ուրիշ աշխարհ,
Որտեղ չկա, չկա քո պատկերը,
Գնում եմ ուրիշ մի աշխարհ,
Որտեղ չկան ձևական քո խոսքերը,
Քո սերը,
Տանում եմ ինձ հետ իմ արևը,աստղերը,
Քո սերը,ժպիտները, ամպերը…
Այն ամենը ինչ քեզ է նվիրված,
Ես տանում եմ ուրիշ աշխարհ։
Առանց աստղերի ես աշխարհում անհնար եմ,
Ինչպես առանց սիրո պոետի կյանքը դժվար է,
Երգս քեզ համար սիրելիս իսկզբանե բացասական է,
Դա երևի նրանից է որ ալկոհոլի չափը, մի քիչ շատ է.
Բայց միևնույն է…
Ես գնում եմ ուրիշ աշխարհ,
Որտեղ չկա, չկա քո պատկերը,
Գնում եմ ուրիշ մի աշխարհ,
Որտեղ չկան ձևական քո խոսքերը,
Քո սերը,
Տանում եմ ինձ հետ իմ արևը,աստղերը ու սերը ժպիտները, ամպերը…
Այն ամենը ինչ քեզ է նվիրված,
Ես տանում եմ ուրիշ աշխարհ։
Ուրիշ աշխարհ,Ուրիշ աշխարհ…

Լևոնը ծնվել է 2001 թվականի ապրիլի 3-ին, Ռուսատանի Դաշնության Պերմ քաղաքում: 2007 թվականին տեղափոխվել է Դիլիջան, ընդունվել քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց, ուսումը շարունակել է Դիլիջանի ավագ դպրոցում։ 2019 թվականին զորակոչվել է բանակ` ծառայության անցնելով Արցախի Հանրապետության առաջին պաշտպանական շրջանում։ Լևոնը զինակից ընկերների հետ կռվել և զոհվել է մարտի դաշտում՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին։