Մակարավանք վանական համալիր | Տավուշ
Աղստևի հովտին շռայլ բնապատկերներ կան․այդ բնապատկերների մեջ իր նշանակությամբ, զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ, բազմազանությամբ և հոգևոր ներդաշնակությամբ առանձնանում է տարածաշրջանի չքնաղ կոթողներից մեկը` Մակարավանքը:
Մակարավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, գտնվում է Աչաջուր գյուղից 6-7 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Միակ պատմական հիշատակությունը այս վանքի մասին հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու մոտ։ Նա ասում է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր է գործել նաև Մակարավանքի համար։
Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի հովտի լայնատարած տափաստանները, Աղստևի աջափնյա հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը։
Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում: Կառուցումից հետո արդեն, վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։
Մակարավանքի հիմնական եկեղեցին կառուցվել է 1205թվականին՝ Բազազ իշխանի որդի Վարդանի կողմից: Եկեղեցին, արտաքուստ ուղղանկյուն և խաչաձև ներքուստ, իրենից ներկայացնում է գմբեթավոր դահլիճ: Խորանի աջ և ձախ կողմերում գտնվում են երկհարկանի ավանդատները: Եկեղեցու ներքին հարդարանքը շռայլորեն զարդարված է հայ քանդակագործության վառ նմուշներով: Ութանկյուն աստղերը և ութանիստ բազմանկյուններն իրենց մեջ ներառված հուշկապարիկներին, թռչուններին, ձկներին և աստվածաշնչական հերոսներին պատկերող հարթաքանդակներով, դասվում են միջնադարյան հայկական արվեստի գլուխգործոցների շարքին:
XIII դարի սկզբին Վաչե Ամբերդցին (Վաչուտյանների իշխանական տոհմից) կառուցել է երկու եկեղեցիներն իրար կապող գավիթը: Արևելյան մուտքը զարդարված է բարձրաքանդակով, որը պատկերում ցուլի և առյուծի մենամարտը: Գավիթը առանձնանում է հարուստ ներքին հարդարանքով: Նրա պատերը զարդարված են ճոխ երկրաչափական և բուսական զարդամոտիվներով:
Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ: