Մակարավանքում մեծ շուքով տոնախմբվել է Ծաղկազարդը

Աչաջուր, Ծաղկավան, Կիրանց ու Բերքաբեր գյուղերի բնակիչները հավաքվել էին Մակարավանքում․ Հայ առաքելական եկեղեցին տոնում էր Ծաղկազարդը։

Տոնը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ։ Այս տարի այն նշվեց ապրիլի 2-ին։ Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, օրհնվում են ձիթենու կամ ուռենու ճյուղերն ու նվիրում ժողովրդին, որոնք, ըստ սովորության, պետք է պահվեն մինչև հաջորդ Ծաղկազարդ, քանի որ իրենց հետ առատություն, պտղաբերություն ու բարիք են բերում ։

Արարողության ժամանակ Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի ժող. գործիքների համույթը հանդես եկավ տոնական համերգով։

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։