Մաքուր պահենք մեր Տավուշը

Ապրիլի 26-ին Տավուշի մարզում հայտարարված է մարզային շաբաթօրյակ։ Վաղ առավոտից մարզի բոլոր բնակավայրերում՝ քաղաքներում, գյուղերում, բնակիչները մաքրում, կարգի են բերում շրջակա միջավայրը:
Աշխատանքների շրջանակում մաքրվել են փողոցները, բակերը, զբոսայգիները, ինչպես նաև հանրային նշանակության տարածքներն ու ճանապարհների եզրերը։ Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էին պատմամշակութային հուշարձանների հարակից հատվածները, որտեղ իրականացվում էին ինչպես մաքրման, այնպես էլ բարեկարգման աշխատանքներ։
Տարբեր տարիքի մարդիկ աշխատում էին կողք կողքի՝ նպաստելով համայնքների մաքուր և խնամված տեսքի ձևավորմանը։ Շատերը մասնակցում էին ընտանիքներով՝ կարևորելով նաև դաստիարակչական բաղադրիչը և երեխաների մեջ շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվության զգացում ձևավորելը։
Մաքուր երկիրը սկսվում է մաքուր համայնքից, իսկ մաքուր համայնքը՝ հոգատար ու սրտացավ քաղաքացիներից։
Ներկայացնում ենք ֆոտոշարք՝ Տավուշի մարզի համայնքներից։








