Մասնագետները թվարկում են վտանգավոր իրավիճակները

Մանկաբույժները հաշվել են շուրջ 150 վտանգավոր իրավիճակ, որոնց արդյունքում երեխաները կարող են լուրջ վնասվածքներ ստանալ և, նույնիսկ, մահանալ: Դրանից հնարավոր է խուսափել, եթե ձգտենք լինել ավելի զգույշ և պահպանենք անվտանգության կանոնները: Թվարկենք երեխաների համար վտանգ ներկայացնող իրավիճակներից մի քանիսը:

Շատ երեխաներ վնասվածքներ են ստանում որևէ բարձր տեղից, օրինակ՝ ճոճանակներից ընկնելու հետևանքով: Փոքրիկը չի կարողանում ամուր բռնվել, ընկնում է, այնուհետև բարձրանում, և դեռևս շարժման մեջ գտնվող ճոճանակը հարվածում է երեխային: Ամենից հաճախ հարվածը դիպչում է փոքրիկի գլխին: Դրա հետևանքով նա կարող է գանգուղեղային ծանր վնասվածք ստանալ: Երեխային կարուսելին նստեցնելուց առաջ պետք է զգուշացնել, որ ընկնելու դեպքում անհրաժեշտ է մոտ մեկ մետրի չափ կողք սողալ և նոր միայն գետնից բարձրանալ:

Ամռանը բերքի հասունանալու հետ միաժամանակ շատանում են նաև երեխաների ծառերից ընկնելու դեպքերը:

Պետք չէ մոռանալ բաց պատուհանների մասին: Երբեք չի կարելի փոքրիկին բաց պատուհանով սենյակում միայնակ թողնել: Նա կարող է, բարձրանալ աթոռի վրա, դուրս նետել խաղալիքը, ձգվել դրա հետևից և… կարող է տեղի ունենալ անդառնալին:

Մինչև մեկ տարեկան երեխաները հաճախ ընկնում են մեծահասակների մահճակալի վրայից: Մայրիկը նրան այնտեղ է դնում տակաշորերը փոխելու համար, երբ հանկարծ դուռը զանգում են: Հարևանուհին մի քիչ շաքարավազ է ուզում կամ դրա նման մի բան: Առանց հսկողության մնացած փոքրիկն սկսում է այս ու այն կողմ գլորվել կամ «չոչ անել» ու ընկնում է մահճակալից: Այս ամենից կարելի է խուսափել, եթե սենյակից նույնիսկ կարճ ժամանակով հեռանալիս մայրիկը երեխային իր հետ վերցնի:

Հարկ է հաշվի առնել, որ փոքր երեխաները դեռևս չեն կարողանում ճիշտ գնահատել բարձրության վտանգը: Ռուսաստանում մի դեպք է եղել, երբ առաջին դասարանցի մի աղջնակ պատուհանից դուրս է թռել, որպեսզի դասից չուշանա: Կողպելով դուռը՝ տատիկը խանութ էր գնացել և փոքր-ինչ ուշացել:

Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ երեխաներն ընկնում են ծնողների ձեռքերից: Խոսքը մեկ-երկու տարեկան փոքրիկներին վեր-վեր թռցնելու անհեթեթ սովորության մասին է: Մեկ-երկու, երրորդ անգամ հայրիկը կարող է չկարողանա բռնել երեխային:

Փոքրիկը կարող է ընկնել նաև մանկասայլակի միջից: Հատկապես պետք է ուշադիր լինել աստիճաններով իջնելիս: Այդ ժամանակ երեխային պետք է մանկասայլակից հանել և գրկել: Մեծահասակը կարող է ոտքը ոլորել կամ սայթաքել և ձեռքից բաց թողնել սայլակի բռնակը, մինչդեռ եթե երեխան գրկին լինի, նրան պահելն ավելի հեշտ կլինի: Սայլակը նաև չի կարելի թողնել շենքի պատուհանների տակ: Միջանցիկ քամուց փշրված ապակու կտորտանքը, տանիքից պոկված թիթեղը, ճաքած պատի բեկորը, ծխախոտի մնացորդը և, վերջապես, հարևանների նետած իրերը կարող են ընկնել դրա վրա (գաղտնիք չէ, որ մեր համաքաղաքացիներից շատերն են տառապում այդ արատավոր սովորույթով) ու վնասել երեխային:

Վտանգավոր իրավիճակների «ցուցակում» հաջորդը հեծանիվի հետ կապված վտանգներն են: Օրինակ՝ երեխան կարող է կտրուկ շրջադարձ կատարել, որի հետևանքով հեծանիվը շուռ կգա, իսկ ինքը որովայնով կընկնի ղեկի վրա: Դա կարող է վնասել ներքին օրգանները, և շատ դեպքերում անհրաժեշտ է լինում վիրահատական միջամտություն կատարել:

Անդրադառնանք տրանսպորտի մեկ այլ միջոցի՝ ավտոմեքենա: Մասնագետները կտրականապես արգելում են մեքենա վարելիս փոքրիկին նստեցնել վարորդի կողքին: Վիճակագրության համաձայն՝ վթարի ժամանակ դա ավտոմեքենայի ամենախոցելի տեղն է: Երեխայի տեղն ավելի պակաս վտանգավոր գոտում է՝ վարորդի հետևի նստարանին, աջ կողմում:

Վտանգավոր են ոչ միայն շարժվող, այլև կանգնած ավտոմեքենաները: Մասնագետների հավաստմամբ՝ հատկապես վտանգավոր են մեծ մեքենաները (օրինակ՝ բեռնատարները, ավտոբուսները), որոնց հետևում փոքրիկը կարող է խաղալիս թաքնվել: Ավտոմեքենաների նկատմամբ պետք է ուշադիր լինել ոչ միայն խաղալիս, այլև՝ փողոցն անցնելիս: Մեծ մեքենաները փակում են տեսադաշտը և ճանապարհն ամբողջությամբ չի երևում: Անհրաժեշտ է սպասել, մինչև մեքենան տեղից կշարժվի, տեսադաշտը կբացվի և հետո նոր անցնել փողոցը:

Հիշեք, որ ավտոբուսները չի կարելի շրջանցել ո՛չ առջևից, ո՛չ հետևից:

ՄԵկ այլ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում, երբ փողոցն անցնելիս ծնողները երեխայի մանկասայլակը պահում են իրենց առջևում: Լավ է, եթե վարորդները նկատում են այն և ճանապարհի այդ հատվածն ավելի զգույշ անցնում, սակայն, եթե որևէ մեկը որոշի սայլակը շրջանցել ոչ թե ձախից, այլ՝ աջ կողմից, ապա հետևանքներն անկանխատեսելի կլինեն: