Մատուռի օծում և կիսանդրու բացում՝ 44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Մարգարյանի հիշատակին

Նոյեմբերի 23-ին Պառավաքար գյուղում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Մարգարյանի կիսանդրին։ Գյուղի բարձունքում օծվել է նաև Կարենի հիշատակին կառուցված մատուռը։

Կարեն Մարգարյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 23-ին, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում։ 2006 – 2018 թվականներին գերազանցությամբ սովորել է Պառավաքարի Էդիկ Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին մասնակցել է տարբեր մրցույթների, ունեցել հաջողություններ, ստացել մրցանակներ։ 2014-2015 թվականներին հաճախել է Դիլիջանի Թումո կենտրոն, իսկ 2016 թվականին՝ Արմաթ ինժեներական լաբորատորիա։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ, սակայն 2019 թվականի հունվարի 30-ին, ուսումը կիսատ թողնելով, զորակոչվել է Հայոց բանակ։

Գերազանց ծառայության համար արժանացել է «Բանակի գերազանցիկ» մեդալի, ստացել շնորհակալական նամակներ։ Մինչև վերջ անառիկ պահելով Հայրենիքի սահմանի իրեն վստահված մասը՝ Կարենը զոհվել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ մարտական առաջադրանք կատարելիս։

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Կարեն Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Պարգևատրվել է նաև «Գթության մայր», «Առյուծ ֆիդայի» մեդալներով: