Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է

Այսօր մայիսի 28-ն է, Հայաստանի տոնացույցի նվիրական օրերից մեկը՝ Հանրապետության տոնը: 1918-ի հենց այս օրը՝ Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հայ ժողովուրդը վճռական այո՛ ասաց գոյության իրավունքին: Ծանր մաքառումների գնով՝ Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը:
20-րդ դարասկզբի ողբերգություններից հետո Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծումը ինչ-որ առումով հրաշքի էր նման: Հայրենազրկումից, ցեղասպանության ենթարկվելուց ընդամենը երեք տարի անց հայ ժողովուրդը կարողացավ ինքնակազմակերպվել, ինքնապաշտպանական կռիվներ մղել, հաղթել և ստեղծել պետություն:
Ցավոք, Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհդայնացվեց և հռչակվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով:
1918 թվականին հայ ժողովուրդը հերոսական պայքարով, թշնամական բազմապատիկ զորքերի դեմ ինքնապաշտպանական մարտերով կարողացավ նվաճել անկախությունը:
Հանրապետության օրվա առթիվ Իջևանում քաղաքացիները, տեղական ինքնակառավարման, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների հիշատակին։
Հանրապետության օրվա առթիվ միջոցառումներ էին իրականացվել Տավուշի մարզի բոլոր համայնքներում՝ նպատակ ունենալով ամրապնդել ազգային ինքնագիտակցությունը։









