«Մայր հողի» տոնն ու ուրցի անուշ բույրը Նոյեմբերյանի սարերում

«Մայր հողի» տոնն ու ուրցի անուշ բույրը Նոյեմբերյանի սարերում

Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի սարերում արդեն չորրորդ տարին անցկացվում է «Մայր հողի» տոնը։ 2022 թվականից սկիզբ առած այս տոնը յուրահատուկ ձևով միավորում է ավանդույթներն ու նորարարությունը՝ իր շուրջ համախմբելով ինչպես տեղացիներին, այնպես էլ Հայաստանի տարբեր անկյուններից և արտերկրից ժամանած հյուրերին։

Տոնը տևում է երկու ցերեկ և մեկ գիշեր՝ բացօթյա վրանային և տնակային գիշերակացով, անմոռանալի հանգստի և ակտիվ ժամանցի պայմաններում։ Բազմազան և բազմաբնույթ ծրագրով տոնական օրերը հագեցած են լինում մշակութային ու կրթական միջոցառումներով։

Տոնի ընթացքում կազմակերպվում են.

  • Ուրցահավաք՝ ուղեկցված կենդանի կիթառային ու շվային երաժշտությամբ և փոքրիկ սննդային ընդմիջումով,
  • Ավանդական թերթերուկի (կամ՝ նազուկ, սալի, հասալի, փսալի․ քաղցրավենիքը մի քանի անուն ունի Տավուշում) բացօթյա թխում,
  • Խարույկի շուրջ ուրցի թեյախմություն՝ կիթառի հնչյունների ներքո,
  • Տեղական բերք ու բարիքի, ձեռագործ իրերի և արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք,
  • Վարպետաց դասեր՝ տարբեր մասնագիտությունների և հմտությունների ուղղությամբ։

Տոնի գաղափարախոսությունը միահյուսում է հինը և նորը, ավանդականը և ժամանակակիցը, հաճելին և օգտակարը՝ հնարավորություն ընձեռելով բոլորին առնչվելու մեր գեղեցիկ մշակույթի հետ։ «Մայր հողի» տոնը նպաստում է զբոսաշրջության և տեղական բիզնեսի զարգացմանը, նպաստում է տարածաշրջանի ճանաչելիությանը և արժևորում է մայր հողը՝ որպես հայրենիք ու բարձրագույն արժեք։

Հատկանշական է, որ տոնին զուգահեռ անցկացվող ուրցահավաքի միջոցառումների շնորհիվ այն արդեն ինքնաբուխ ստացել է նաև «Ուրցի փառատոն» անվանումը, ինչը սիրով և ուրախությամբ ընդունվել է մասնակիցների կողմից։ Ակնկալվում է, որ տարիների ընթացքում «Մայր հողի» տոնը կդառնա համահայկական ամենամյա կարևոր միջոցառում՝ այցելուներին պարգևելով հոգևոր և գեղագիտական հարստացնող փորձառություն։