«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնը Նոյեմբերյան քաղաքում էր
«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնը հուլիսի 29-ին և 30-ին Նոյեմբերյան քաղաքում էր: Փառատոնը՝ հետաքրքիր և ուսանելի միջոցառումների անցկացմամբ մեկնարկել էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Փառատոնն անցկացվում է «Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում, որի արդյունքում Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ ու Նոյեմբերյանի ավագ դպրոցներում բացվել են մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբներ, որտեղ ուսուցիչներն ու աշակերտները իրականացնում են մեդիագրագիտության զարգացմանն ուղղված տասնյակ միջոցառումներ, հանդիպում-քննարկումներ, մրցույթներ ու բանավեճեր:
«ՄեդիաԴիտակ» փառատոնին նախորդել է կարողությունների զարգացման դասընթացը, որի ընթացքում դպրոցականները զինվել են կեղծ լուրերի դեմ պայքարի գործնական հմտություններով ու գիտելիքներով:
Կարողությունների զարգացման դասընթացների ավարտին իրենց ստացած գիտելիքներն ու գաղափարները դարձրել են մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններ, որոնք իրականացրել են Նոյեմբերյանում:
Մեդիագրագիտության փառատոնն ավարտվեց ծրագրի մասնակիցներին խրախուսական նվերներ ու վկայականներ հանձնելով: Իսկ վերջում ինտերակտիվ բեմադրությունն էր՝ «Կեղծ լուրերի մամլո ակումբ» խորագրով, որը հումորային մոտեցումներով հանդիսատեսին սովորեցնում է կեղծ լուրերի դեմ պայքարի մեթոդներն ու դրանք կանխարգելելու տարբերակները։