Մեկնարկել են Խաշթառակ գյուղի կամրջի կառուցման աշխատանքները

Խաշթառակ գյուղի կամուրջ

2024 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, գարնանային հեղեղումներից վնասվեց Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունն ու մասնակի փլուզվեց։ Կառուցվեց ժամանակավոր կամուրջ, որն այժմ օգտագործում են Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերի բնակիչները:

Հիմա արդեն ակտիվորեն ընթանում են Խաշթառակի կամրջի կառուցման աշխատանքները։ Մինչ 2025 թվականի տարեվերջ գյուղը կունենա ժամանակակից մետաղական կամուրջ՝ Տավուշ Մեդիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Միսակ Մելքումյանը։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է  իրանական ընկերություն, որը կամուրջ է կառուցել նաև Լոռու մարզում՝ 2024 թվականի մայիսին հեղեղումից տուժած Ախթալա բնակավայրում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, հեղեղումներից  վնասվեց Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունն ու մասնակի փլուզվեց։ Շաբաթների ընթացքում նկատելի դարձավ կամրջի դեֆորմացումը։ Կառուցվեց ժամանակավոր կամուրջ, որը նույն տարվա՝ 2024 թվականի հուլիս ամսվա վերջին տեղումների հետևանքով մասնակի վնասվեց ու կրկին վերականգնվեց։

Խաշթառակ

Աղետի գոտում ենթակառուցվածքների, մասնավորապես՝ կամուրջների վերականգնման աշխատանքների վերաբերյալ նախատեսված էր երկարաժամկետ առումով՝ վնասված բոլոր կամուրջները վերականգնել և՛ ինժեներական, և՛ գեղագիտական լուծումներ առաջարկող նախագծերով, որոնք արդյունքում կլինեն ոչ միայն տրանսպորտային ամուր ենթակառուցվածքներ, այլև տեսարժան վայրեր, ինչն էլ կնպաստի տվյալ տարածքներում զբոսաշրջության զարգացմանը: