Միջոցառումներ` նվիրված նահատակված չորաթանցիների հիշատակին

Օգոստոսի 4-ին Արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված չորաթանցիների հիշատակին նվիրված Բերդ համայնքի Չորաթան բնակավայրում կայացել են միջոցառումներ՝ Չորաթանի վարչական ղեկավարի նախաձեռնությամբ և ռուսաստանաբնակ բարերար՝ ծնունդով Չորաթանից Սերգեյ Ուդումյանի աջակցությամբ:
Առավոտյան գյուղի կենտրոնում գտնվող նահատակված տղաների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք է մատուցվել. Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի կողմից կատարվել է նահատակված հայորդիների հիշատակի ոգեկոչման արարողությունը։

Հայաստանի ու Արցախի տարեգրության մեջ՝ որպես հայրենիքի պաշտպաններ են հիշվում չորաթանցի Մելիքսեթ Ասատրյանը, Յուրա Ուդումյանը, Արթուր Ուդումյանը, Մանվել Պապյանը, Արման Ուդումյանը ու Վահե Ուդումյանը: Նրանք անկախությունից ի վեր մղված մարտերում կյանքի գնով են պաշտպանել հայրենի հողը:

Ոգեկոչման արարողությանը հաջորդել է ֆուտբոլի հուշամրցաշար, որին մասնակցել են Բերդի, Չինարիի, Վերին Կարմիրաղբյուրի, Չորաթանի, Նորաշենի մեծահասակների և երիտասարդների թիմերը։
Միջոցառման վերջում ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Ուդումյանը պարգևատրվել է պատվոգրով՝ մշտապես համայնքի կողքին լինելու և հայրենի գյուղի խնդիրների լուծմանն աջակցելու համար։