Միջոցառում՝ ականավոր պետական գործիչ Հրանտ Ավագյանի ծննդյան 100-ամյակին

Բերդի համայնքային մշակույթի տանը դեկտեմբերի 16-ին մեծ շուքով նշվեց ականավոր պետական գործիչ Հրանտ Ավագյանի 100-ամյակը:  Մինչ միջոցառման սկսվելը Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տան նախասրահում բացվեց Հրանտ Ավագյանի և Ավագյան գերդաստանի լուսանկարների ցուցահանդեսը. այն երկու տարի գործել է «Բերդ»  պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության  և  կենցաղի թանգարանում, և դիտել է շուրջ 4000 այցելու:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որը վարեց
ասմունքողների հանրապետական մրցույթների դափնեկիր, «Հայաստանի վետերանների միավորում» ՀԿ-ի նախագահ,  պահեստազորի  գնդապետ Սիմոն Եսայանը։ Միջոցառման ընթացքում Սիմոն Եսայանը ներկայացրեց Հրանտ Ավագյանի և նրա  եղբայրների` ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս Արտավազդ Ավագյանի, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչե Ավագյանի կյանքը և գործունեությունը, նշանակալի ներդրումը տարածաշրջանի զարգացման գործում:

Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով ելույթ են ունեցել Նարեկ Բալդրյանը, «Բերդ» պատանեկան երգչախումբը, «Տավուշ» պարի համույթը:
Միջոցառումն իրականացվեց Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Բերդի համայնքային մշակույթի տան, «Բերդ»  պատմամշակութային արգելոցի, Բերդի պատմության  և  կենցաղի թանգարանի, «Բերդ մշակույթի կենտրոն»  ՀԿ-ի և  Ավագյան ընտանիքի համագործակցությամբ:

Հրանտ Ավագյանը ծնվել է 1922թ.-ին ԽորհրդայինՀայաստանի Տավուշի մարզի Նորաշեն գյուղում: Հայրը` Արշակ Հովհաննեսի Ավագյանը, հայտնի մեղվաբույծ էր, մայրը` Սաթենիկ Հովհաննեսի Տեր-Բադալյանցը, Մովսեսի ծխական դպրոցի և եկեղեցու հիմնադիր, Ներսիսյան դպրոցն ավարտած քահանա Սարգիս Տեր-Բադալյանցի թոռնուհին։ 1965թ. Հրանտ Ավագյանը նշանակվում է Շամշադինի շրջանի շրջկոմի առաջին քարտուղար: Տարածաշրջանի զարգացման գործում մեծ է Հրանտ Ավագյանի ներդրումը, նրա ժամանակ սկսել են գործել մի շարք արտադրական ձեռնարկություններ, կառուցվել են ճանապարհներ, հատկապես Միափորի գեղատեսիլ լանջերով սարի ճանապարհը, քանի որ մինչ այդ ճանապարհն անցնում էր Ադրբեջանով: Այդ նույն ժամանակահատվածում գազը և հեռախոսակապը հասավ տարածաշրջան, կառուցվեց Բերդի Սորաններ դենդրոպարկը: